Կառավարությունը ստում է, 1988թ. հունվարի 12-ի արձանագրությունը փաստել է՝ սահմանազատումը և սահմանագծումը վերջնական են և իրավաբանական ուժ ունեն. Վարդան Պողոսյան. «Հրապարակ»

«Հրապարակը» սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի հետ զրուցել է ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցած սահմանի եւ քարտեզների մասին։ Նա բացառիկ մանրամասներ ու փաստական տվյալներ է ներկայացնում։

– Տավուշի գործընթացի ժամանակ հայտարարվեց, որ հիմքը 1976 թ. քարտեզն է: Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ–ների միջեւ սահմանները ճշգրտվել են, եւ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունն է ստորագրվել:

– 1976-ի քարտեզը չի արտացոլում ԽՍՀՄ փլուզման պահին ՀԽՍՀ եւ ԱԽՍՀ միջեւ գոյություն ունեցած սահմանը։ Եթե կողմերը պայմանավորվում են, որ սահմանազատման համար հիմք են ընդունում 1991 թ. դեկտեմբերին ԽՍՀՄ փլուզման պահի սահմանը, ապա դրա համար միակ վավերական հիմքը 1988 թ. արձանագրությունն է։ 1984 թ. դեկտեմբերից մինչեւ 1987 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում գործել է հայ-ադրբեջանական պարիտետային աշխատանքային խումբ, որը 1987 թ. վերջին ավարտին է հասցրել ՀԽՍՀ եւ ԱԽՍՀ հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնումը (ճշգրտումը) տեղանքում, այսօրվա տերմինոլոգիայով` սահմանագծումը: Աշխատանքներն իրականացվել են 2 հանրապետությունների Գերագույն խորհուրդների նախագահությունների 1969 թ. մայիսի 7-ի ՀՍՍՀ եւ ԱՍՍՀ միջեւ որոշ հատվածների սահմանագծումը հաստատելու մասին որոշման եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 15.04.1983, 19.01.1984 եւ 28.03.1984 թթ․ հանձնարարությունների հիման վրա:

Տեղանքի վրա սահմանագծման փոխադրման հիմք է հանդիսացել գրաֆիկական այն սահմանագծումը, որը կցվել է գերագույն խորհուրդների նախագահությունների 1969 թ. մայիսի 7-ի որոշումներին՝ ըստ ԱնդրԿԳԿ 1927-1929 թթ. նյութերի: Կատարված սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում 1988 թ. հունվարի 12-ին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը եւ Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Մ. Մամեդովը ստորագրել են համատեղ արձանագրություն «Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»: Այդ աշխատանքների արդյունքում չի վերականգնվել միայն 1969 թվականի սահմանը, այլ կատարվել են բազմաթիվ ճշտումներ եւ փոխանակումներ, որոնք կատարվել են Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համաձայնությամբ։

Սահմանակից բոլոր տարածքների վերաբերյալ կազմվել է 182 արձանագրություն, որոնց կցվել են 1:25 000 մասշտաբով տեղագրական քարտեզների թերթերից պատճենված սահմանային սխեմաներ: Արձանագրությունները վավերացվել են 2 հանրապետությունների համապատասխան հողօգտագործման տնտեսությունների ղեկավարների, շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից՝ համապատասխան կնիքներով։ Ստորագրել են նաեւ պարիտետային հանձնաժողովների անդամները եւ Գյուղատնտեսական աէրոֆոտոգեոդեզիական հետազոտությունների համամիութենական ինստիտուտի (ՎԻՍԽԱԳԻ) ներկայացուցիչը։

Ուստի, եթե սահմազատման հիմքը ԽՍՀՄ փլուզման պահն է (1991 թ. դեկտեմբեր), ապա սահմանազատման համար միակ իրավաբանական հիմքը պետք է լինի 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը:

– Ինչո՞ւ է կառավարությունը պնդում, որ այդ արձանագրությունն իրավաբանական ուժ չունի:

– Կառավարությունը ստում է, ինձ միայն անհայտ է` այդ սուտը տգիտությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք է: 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը հենց ինքն է փաստել, որ այդ աշխատանքների արդյունքում կատարված սահմանազատումը եւ սահմանագծումը վերջնական են եւ իրավաբանական ուժ ունեն: Մասնավորապես, արձանագրության 8-րդ կետը հանձնարարում է «երկու հանրապետությունների հողակարգման ծառայություններին՝ այսուհետ հողօգտագործողների միջեւ հողային վեճերը քննարկելիս որպես իրավաբանորեն միակ ճիշտ հիմք ընդունել երկու հանրապետությունների պարիտետային հանձնաժողովների կողմից կազմված սխեմաները եւ արձանագրությունները»։

– Ստացվում է, որ 1976 եւ 1988 թթ․ քարտեզներից մեզ ձեռնտու էր վերջինը, բայց իշխանությունը, որ խոսում է սահմանների վերականգնման մասին, գնացել է Ադրբեջանին շահեկան ճանապարհով։

– Միանշանակ՝ 1988 թվականինը, քանի որ 1988 թ. սահմանագծման արդյունքում Հայաստանը հետ էր բերել շուրջ 12 360 քառակուսի կիլոմետր տարածք: Ընդ որում, տարածքային փոխանակումների արդյունքում Ադրբեջանը Հայաստանին փոխհատուցել էր, մասնավորապես, Նոյեմբերյանի շրջանի Բաղանիսի եւ Ոսկեպարի սովխոզներին եւ Իջեւանի շրջանի Սարիգյուղ, Վազաշեն եւ Դիտավան սովխոզներին: 1976 թ. քարտեզով Հայաստանի համար շահավետ այդ փոխանակումները, բնականաբար, արտացոլված չեն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս