Պայքարը չի մարել. շարժմանն էլ է ժամանակ պետք ցանկալի արդյունք ունենալու համար». Գոհար Դավթյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները՝ Բագրատ արքպիսկոպոս Գալստանյանի առաջանորդությամբ, այսօր երեք օրով մեկնեցին Սյունիքի մարզ, ինչի մասին հունիսի 27-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթի ժամանակ հայտարարել էր Բագրատ սրբազանը: Նա իր բոլոր ելույթներում հայտարարել է, որ սրբազան պայքարը չունի այլընտրանք, քան այն հանգրվանը, որին պետք է հասնեն, իսկ հատկապես հունիսի 12-ից հետո շեշտվում է, որ այդ հանգրվանը ճշմարտության հաղթանակն է ընդդեմ ստի։ Չնայած վերջին օրերին ակտիվ բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ տեղի չեն ունենում, սակայն Բագրատ սրբազանը տարբեր հանդիպումներ, քննարկումներ է անցկացնում։
Չնայած իշխանության ներկայացուցիչները չեն հոգնում հայտարարել, թե «շարժումն ինչպես սկսվեց, այնպես էլ մարեց»։
168.am-ի հետ զրույցում 44-օրյա պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը, ասաց՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը չի մարել ու չի մարելու։
«Մարելու մասին խոսք անգամ չի կարող լինել, եթե ինքս համարեի, որ շարժումը մարել է կամ մարելու է, ինքս շարժմանը նման ակտիվ մասնակցություն ցույց չէի տա։ Պատերազմից հետո Հայաստանում շատ շարժումներ են եղել, բայց որևէ շարժման հետ դուրս չեմ եկել, 2020 թվականի պատերազմից հետո միայն անհետ կորած զինծառայողների ծնողների հետ էի, սակայն սրբազանի շարժմանը միացել եմ, որովհետև հավատում եմ։
Հիշեք, թե մարտի դաշտում չար ուժերն ու դավաճաններն ինչ արեցին, իրենց սև գործը կարողացան անել, հիմա էլ այդ նույն ուժերը փորձում են շարժմանը խանգարել, ցավոք, այդ չար ուժերը շատ են»,- նշեց Գոհար Դավթյանը։
Մեր զրուցակիցը դժվարացավ ասել՝ այդ չար ուժերը վախկո՞տ են, թե՞ չունեն գիտակցություն, բայց նրանց թիվը մեծ է այսօր։
«Բագրատ սրբազանն ասաց, որ նույնիսկ, եթե միայնակ էլ մնա՝ պայքարելու է, բայց Բագրատ սրբազանը չի կարող միայնակ լինել, որովհետև նրա կողքին հազարավոր հայեր կան։ Հիմա ես ամեն ինչ թողել եմ Աստծուն, թող ամեն ինչ Աստծո կամքով լինի։ Այսօր մարդկանց մի մասը փողոց դուրս չի գալիս, որովհետև սեփական գիտակցության հետ խնդիր ունի, ցավալի է, բայց այդ մարդիկ չեն զգում, թե ինչ ենք կորցրել ու ինչ վտանգների առաջ ենք կանգնած։ Իրենց թվում է, թե սա ֆիլմ է, ու իրենք կողքից նայում են, որ կարող է մեկ ժամ հետո ավարտվել»,- ընդգծեց նա։
Գոհար Դավթյանն ասաց, որ չի եղել այնպիսի օր, որ Բագրատ սրբազանի հետ փողոց դուրս չգա, դուրս է գալիս, քանի որ հաղթանակին հավատում է։
«Աստված այս գործը հաջողելու է։ Մարդիկ կան, որ շատ են շտապում, ուզում են ամեն ինչ մեկ օրում լինի, ես նրանց հասկանում եմ, բայց երբ կինը հղի է, նա միանգամից չի զավակ լույս աշխարհ բերում, անհրաժեշտ է ժամանակ։ Այդ պատճառով, շարժմանն էլ է ժամանակ պետք, որպեսզի ցանկալի արդյունք ունենանք»,- եզրափակեց Գոհար Դավթյանը։