Ուկրաինայի գծով Թրամփի խորհրդականների ծրագիրը պետք է հաշվի առնի իրավիճակը ճակատում․ Պեսկով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով խորհրդականների հնարավոր ծրագիրը նրա վերընտրվելու դեպքում պետք է հաշվի առնի իրավիճակը ռազմաճակատում, Մոսկվան պետք է ծանոթանա ծրագրի մանրամասներին՝ այն գնահատելու համար: Տեղեկությունը Reuters գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրա վերընտրվելու դեպքում ներկայացրել են Ուկրաինային Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների դրդելու ծրագիր, որից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունը կսպառվի:

«Ցանկացած ծրագրի արժեքը կայանում է նրբությունների և տեղում գործերի իրական վիճակը հաշվի առնելու մեջ։ Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ ծրագրի մասին է խոսքը, կամ ինչ է այնտեղ շարադրված․․. Մենք բաց ենք մնում բանակցությունների համար, և ծրագիրը գնահատելու համար նախ պետք է ծանոթանանք դրան», – ասել է նա։

Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հանդես է եկել խաղաղ առաջարկներով, որոնք «չեն ընդունվել Արևմուտքի կամ հենց ուկրաինացիների կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս