Ամառ օրով, բերքը՝ վրան, 200 ծառ Գառնիում կտրել է «Փշերի Վահագը»՝ իր փաստաբանի հետ. Գեղամ Խաչատրյան

Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Խաչատրյանը գուժել էր Գառնի համայնքում պտղատու ծառերի սպանդի մասին և կից ներկայացրել ասվածն ապացուցող տեսանյութ:

«200-ից ավելի բերքատու ծառ, ամառ օրով, բերքը՝ ծառի վրա, «Դրուժբով», «Փշերի Վահագը»՝ իր փաստաբանի հետ, կտրել են, խնդրեմ: Տեսե՛ք: Սա եղեռնագործություն է, սենց մարդը իրավունք չունի ընդհանրապես համայնքում երևա, դուրս գա ժողովրդի մեջ: Ու էս արարքը կատարվել է Գառնի համայնքում»,- տեսանյութում իրողությունը ներկայացնում է Գեղամ Խաչատրյանը:

Վերջինս նաև հավելել է, որ այգին պատկանում է համայնքի բնակիչներից մեկին՝ Գեղանուշին: Այն գտնվում է «Եգորի բենզալցակայանի մոտ»:

«Թուրքը սենց բան չի անի, ժողովուրդ, սա եղեռն է: Ու էս մարդը գյուղում պետք է հանգիստ ապրի, Վահագը… Այս մարդն արժանի չէ բարևի, նա պետք է ենթարկվի ամենադաժան պարսավանքին»,- վրդովվել է օգտատերը:

Կարդացեք նաև

Մեկնաբանություններում վերջինս տեղեկացրել է նաև, որ դիմել են ոստիկանություն: ՆԳՆ ոստիկանությունից էլ 168.am-ին ասացին՝ հաղորդում է ստացվել, այն կազմված փաստաթղթերով փոխանցվել է Քննչական կոմիտե:

168.am-ի հետ զրույցում ՔԿ մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց՝ հաղորդումը փոխանցվել է իրենց:

«Հունիսի 24-ին անձից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 14․00-ի սահմաններում Գառնի բնակավայրում գտնվող՝ իրեն պատկանող հողատարածքի այգում այլ անձինք ապօրինի հատել են մոտ 120 պտղատու ծառ՝ պատճառելով մոտ 11մլն դրամի վնաս։ Քաղաքացու հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որով արձանագրվել են բազմաթիվ կտրված ծառեր, հարցաքննվել են մի շարք անձինք։ Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, ծառերի հատման օրինականությունը, պատճառված գույքային վնասի իրական չափերը պարզելու, նշված գործողությունները կատարած անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասաց ՔԿ մամլո խոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս