
Հայաստանում քաղաքական դաշտը պետք է բաժանվի ոչ թե նախկին-ներկա սկզբունքով, այլ երկրի համար պիտանի և անպիտան մոտեցմամբ. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Տիգրան Պետրոսյանը նրան հարցրել է.
«Ինչպե՞ս եք գնահատում Էդմոն Մարուքյանի և նրա կուսակցականների՝ շարժմանը միանալը: Արդյո՞ք դա ընդունելի է: Նրանք պահը բաց չեն թողնում՝ թիրախավորելու Ձեզ և ՀՀԿ-ին»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Առաջարկում եմ Ձեզ՝ չերկարացնել ոմանց քաղաքական կյանքը՝ քաղաքական և լրատվական տիրույթում նրանց կարծիքներին անդրադառնալով:
Անշուշտ, մեկ մարդը կարող է քննարկման արժանի թեզ կամ տեսակետ առաջարկել, եթե նա հանճար է կամ տաղանդ, կամ հեղինակություն, կամ գոնե լուրջ մասնագետ: Ձեր հիշատակածները չեն համապատասխանում իմ մատնանշած ոչ մի կատեգորիային, ուստի եկեք չսպասարկենք նրանց օրակարգը, որը ձևավորվում է «քաղաքական գործչի համար ցանկացած հիշատակում, բացի մահախոսականից, լավ է» սկզբունքով:
Ընդամենն ուզում եմ պնդել, որ Հայաստանում քաղաքական դաշտը պետք է բաժանվի ոչ թե նախկին-ներկա սկզբունքով, այլ երկրի համար պիտանի և անպիտան մոտեցմամբ: Եթե ՀՀ ցանկացած քաղաքացի հենց այս մեթոդով վերաբերվի այս կամ այն գործին, ապա շատ արագ հայոց քաղաքականության պղտոր ջրերը կզուլալվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: