«Իմաստուն քայլ է». Պաղեստինի ազգային վարչակազմը շնորհակալություն է հայտնել Հայաստանին
Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) նախագահ Մահմուդ Աբբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Հայաստանին պաղեստինյան պետության ճանաչման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է տեղական ՎԱՖԱ գործակալությունը:
«Հայաստանի իմաստուն քայլը համապատասխանում է երկու պետությունների (իսրայելական և պաղեստինյան) խաղաղ գոյակցություն նախատեսող ծրագրին։ Դա ռազմավարական ընտրություն է, որը պաշտպանում է միջազգային կամքն ու լեգիտիմությունը», – նշված է գրասենյակի հայտարարության մեջ։
ՊԱՎ-ն շնորհակալություն է հայտնում Հայաստանին «այս խիզախ և կարևոր որոշման համար»՝ այն կարևոր քայլ համարելով երկկողմ կապերի ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը ճանաչել է Պաղեստինի պետականությունը: Երևանը նշել է, որ անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմամբ:
Այս տարի ավելի վաղ Պաղեստինը ճանաչել էին Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը հարձակում է գործել Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ, որը շարունակվում է մինչ օրս։