
Էստոնիան 12 Caesar հրետանային համակարգ կգնի Ֆրանսիայից

Էստոնիան, որը մտնում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմի մեջ, Ֆրանսիայից կգնի տասներկու Caesar ինքնագնաց հրետանային կայանք: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ Էստոնիայի պաշտպանական ներդրումների կենտրոնը հայտնել է, որ 155 մմ տրամաչափի վեց ինքնագնաց հրանոթները պետք է մատակարարվեն մինչև 2024 թ. վերջը, իսկ մնացածը՝ մինչև 2025 թ. կեսերը։
Մատակարարման պայմանագիրը՝ էլ ավելի մեծ թվով ինքնագնաց հրետանային կայանքներ ձեռք բերելու հնարավորության մասին, ստորագրվել է վերջերս` Փարիզի մերձակայքում կայացած Eurosatory-2024 սպառազինությունների ցուցահանդեսում։ Զենքի գինը չի հայտարարվել։
Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրն իր հայտարարության մեջ Caesar-ը բնութագրել է որպես «սպառազինության համակարգ, որն իրեն հաջողությամբ է դրսևորել Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանելիս»:
Տալլինն ակնկալում է ձեռք բերված ինքնագնաց հրետանային կայանքների օգնությամբ ստանալ «շարժական, ճկուն և հեռահար կրակային աջակցություն։