Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հետամուտ է ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը:
«Հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները պարզելու նպատակով դեռևս 2023 թվականի փետրվարին հայտնաբերված «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվական շտեմարանի (սերվերի) հետազոտման աշխատանքները շարունակվում են:
Պետական եկամուտների կոմիտեին և Քննչական կոմիտեին վերապահված գործառույթների շրջանակում՝ մասնավորապես սերվերում պարունակվող տեղեկատվության վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ: Պարզվել է, որ բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող՝ «PIXEL» ապրանքային նշանի ներքո գործող 5 տնտեսվարող, 2016-2021 թվականների ընթացքում թերհայտարարագրել է 15.277.732.628 ՀՀ դրամ իրացման շրջանառություն, որի արդյունքում չեն հաշվարկվել և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերի՝ 5.036.118.427 ՀՀ դրամ հարկ։
5 տնտեսվարողի՝ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու վերաբերյալ առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կողմից նախաձեռնված քրեական վարույթով իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու վարույթային գործողություններ: Արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, դրան օժանդակելու առերևույթ դեպքեր։
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 5 տնտեսվարողի փաստացի իրական շահառու հանդիսացող Խ.Պ-ն և Ա.Պ-ն առանց համապատասխան փաստաթղթավորման ձեռքբերված և մաքսանենգ ճանապարհով ներմուծված ապրանքներն իրացրել են առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթեր տրամադրելու, որի արդյունքում էլ ձևավորվել է ստվերային շրջանառությունը։
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին ներկայացված հաշվարկ հաշվետվություններում, որի արդյունքում խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության աշխատակիցների կողմից 2024թ.-ին մի շարք հասցեներում կատարվել են խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են նախաքննությանը հետաքրքրող իրեր և փաստաթղթեր, որից հետո քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 2 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ։ Հանցավոր խմբի անդամներից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 2 ամսով կալանավորումը, որից հետո կալանավորումը՝ որպես խափանման միջոց, երկարաձգվել է 1 անձին 1 ամսով, իսկ մյուսինը՝ 2 ամսով։ Նախաքննությունը շարունակվում է:
Կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվում են վարույթային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրաված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ: