Ծխախոտային շուկայում քաոսը շարունակվում է. Սպիտակ տուփեր, մաքսանենգ ապրանք և այլն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմիցս անդրադարձել ենք ծխախոտի շուկայում տիրող իրավիճակին ու փոխանցել քաղաքացիներից ու ուժային կառույցների աղբյուրներից եկող մտահոգությունները կապված ծխախոտի անօրինական շրջանառության փաստերի հետ:

Պետք է արձանագրել, որ հրապարակումներից հետո ՊԵԿ-ն ու ոստիկանությունը հիմնականում արձագանքել են, ու իրականացվել են ձերբակալություններ, ստուգումներ: Ցավոք, իրավիճակը հեռու է բավարար լինելուց՝ շարունակում ենք ստանալ տեղեկություններ շուկայում անօրինական շրջանառության փաստերի վերաբերյալ:

Վերոնշյալ սպիտակ տուփերով ծխախոտի շրջանառությունը շարունակում է տեղի ունենալ, ու վաճառքները հիմնականում կատարվում են օնլայն հարթակների միջոցով, իսկ մարզերում՝ տանից տուն գնալով։ Տեղադրվում են հայտարարություններ վաճառքի մասին, դեպքեր են արձանագրվում նաեւ արտասահմանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի ներմուծման, ապա դրանք, հիմնականում, խոշոր քաղաքներից ու խոշոր խանութներից հեռու վաճառելու մասին:

Մեր անդրադարձներից հետո արդարադատության նախարարությունից, տեսչությունից ու համապատասխան գերատեսչություններից մեզ հետ կապվեցին պետպաշտոնյաներ ու նշեցին, որ հարցի լուծումը հնարավոր է, եթե կիրառվի այս տարվանից ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումը, որով պարտադիր է արտադրվող ու ներմուծվող ծխախոտի տուփի վրա՝ ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունների սարսափեցնող նկարների տպագրումը, այն հնարավորություն կտա արագ տարբերել, թե որն է մաքսանենգ կամ անօրինական շրջանառվող ապրանքը, որը՝ օրինական:

Մեր այն հարցին, թե ինչու օրենսդրական այդ պահանջը չի կատարվում, կամ գրեթե չի կատարվում, պատասխանեցին, որ արտադրողների ու ներմուծողների գերակշիռ մասը ներկայացնում են, իբրեւ թե շուկայում շրջանառվում է մինչեւ 2024թ.-ի հունվար ամիսը ներմուծված ու արտադրված ծխախոտ, նման պահանջ էլ արտադրման ու ներմուծման պահին չի եղել, իսկ մեր աղբյուները պնդում են՝ դա բերում է նրան, որ ապօրինի վաճառքը շարունակում է զարգանալ։ Սպասենք, թե երբ շուկայում կլինեն ամբողջությամբ «նկարներով» տուփեր։

Ստացվում է, որ պետությունը ստանձնում է պարտավորություններ, որոնք կա՛մ չի կարողանում իրացնել, կա՛մ դրանց հետեւանքով շուկան ողողվում է անօրինական արտադրությամբ: Իսկ սոցիալապես վատ պայմաններում բնակվող մեր քաղաքացիների համար, բնականաբար, նախընտրելի է էժան ծխախոտը: Կարճ ասած՝ պետությունը, կարծես թե, ի վիճակի չէ կարգավորված ու օրինական պայմաններ ապահովել:

Պետության անկարողության մասին մենք փորձեցինք զրուցել առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ, սակայն նա որեւէ կերպ չարձագանքեց մեր զանգերին»:

Տեսանյութեր

Լրահոս