Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ առնվազն 550 ուխտավոր է մահացել շոգի պատճառով
Իսլամական երկրներից առնվազն 550 ուխտավոր է մահացել շոգի պատճառով Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով արաբական երկրների դիվանագիտական աղբյուրների։
Մահացածների ընդհանուր թվից 323-ը Եգիպտոսի քաղաքացիներ են։ Բոլորը մահացել են շոգից, բացի մեկից, որը վնասվել և մահացել է ամբոխի հրմշտոցի ժամանակ։ Մահացածներից առնվազն 60-ը Հորդանանից են։ Հունիսի 18-ին Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը հայտնել էր Իրանից առնվազն 11 ուխտավորի մահվան մասին։
Մեքքայում օդի ջերմաստիճանը հաջի ժամանակ այս տարի հասնում է ըստ Ցելսիուսի սանդղակի գրեթե 52 աստիճանի, նշում է գործակալությունը։
Ըստ Սաուդյան Արաբիայի իշխանությունների՝ Մեքքայում ավելի քան 1,8 միլիոն ուխտավոր է մասնակցում հաջին, որոնցից 1,6 միլիոնը՝ արտասահմանից։
Հաջը ուխտագնացություն է դեպի Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի սուրբ վայրեր, որոնք կապված են Մուհամեդ մարգարեի կյանքի հետ: Հաջ կատարել պարտավոր է յուրաքանչյուր մուսուլման, եթե թույլ են տալիս նրա հնարավորությունները: Այս տարի ուխտագնացությունը տեղի է ունենում հունիսի 14-ից մինչև 19-ը