«Նախկինում Գորիսից գլոբուսի կեսը երևում էր, այսօր երևում է միայն  ադրբեջանական դրոշն ու դիրքերը. Դիմացը՝ թշնամի, հետևում՝ թշնամի». Արարատ Աղաբեկյան

Երեկվանից իշխանության տարբեր ներկայացուցիչներ լուսանկարներ, տեսանյութեր են հրապարակում, թե Սյունիք կատարած այցի ժամանակ սյունեցիներն իբրև ջերմ են ընդունել Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես մարզային այլ այցերի, այնպես էլ Սյունիք կատարած այցի ընթացքում առաջին և երկրորդ պլանում ցուցադրվում է հավաքված մարդկանց բարևելն ու որոշ դեպքերում կանանց գրկախառնությունները Նիկոլ Փաշինյանի հետ։

168.am հետ զրույցում ազատամարտիկ, շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին Սյունիքում այդ կերպ բարևողներ նախկինում էլ են եղել։

«Ես կոնկրետ իմ անունից կարող եմ խոսել՝ իմ տեսակետներում որևէ բան չի փոխվել, որովհետև իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տալիս ասել մեկ բան, բայց անել բոլորովին այլ բան։ Ով լավ բան կանի, իր կողքին եմ, ով վատն անի՝ ես չեմ կարող դիմակ դնեմ ու դիմակի տակից խոսեմ, հետո էլ դիմակս պատռվի, ու դա հետևանք թողնի։ Ես իմ փոխարեն կարող եմ պատասխան տալ»,- նշեց Արարատ Աղաբեկյանը։

Հարցին՝  սյունեցին իրեն անվտա՞նգ է զգում, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ոչ միայն Սյունիքին, այլև ամբողջ Հայաստանին է այսօր վտանգ սպառնում։

Կարդացեք նաև

«Նախկինում, երբ Գորիսից մեր շուրջն էինք նայում, կանաչ սարեր էին, երևում էր Արցախ աշխարհը, գլոբուսի կեսը երևում էր, հպարտանում էինք, ասում էինք՝ սա մեր ազատագրածն է։ Բայց այսօր Գորիսից կանգնում դեպի հարավ ես նայում՝ ադրբեջանական դրոշն է ծածանվում, պարզ եղանակին էլ փողոցից նայում ես, վերևներում ադրբեջանական դիրքերն են երևում։ Նույն վիճակն է նաև, երբ նայում ես դեպի հյուսիս։ Հիմա այսպես է մեր վիճակը, մենք թիկունք չունենք։

Երբ նախկինում մենք գնում էինք առաջնագիծ, մեզ թիկունք ունեինք, գիտեինք, թե մեր ընտանիքն ու գյուղը, քաղաքը ում ենք թողնում, հիմա մենք այդ թիկունքը չունենք. Դեմը՝ թշնամի, հետևում՝ թշնամի։ Թող ինձ ցույց տան այդ թիկունքը՝ ես տեսնեմ, զենքը վերցնեմ՝ առաջ գնամ։ Այսօր ամբողջ հանրապետությունը դարձրել են առաջնագիծ, մնացել է մի մայրաքաղաք Երևան, այն էլ այնքան թշնամիներ կան, որ ցանկացած պահի կարող են մի վնաս տալ։ Մենք մեր երկրի ղեկավարի կողմից հայտնվել ենք մի տզրուկի վիճակում, որը Հայաստանը դարձրեց ոչ թե անվտանգության երաշխավոր, այլ սահմանապահ ինչ-որ տարածք»,- նշեց Արարատ Աղաբեկյանը։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ իշխանությունները հաջորդ սահմանազատման գործընթացը սկսելու են Սյունիքում ու Տիգրանաշենում, Արարատ Աղաբեկյանն ասաց, որ բնագիծը հյուսիսից գալիս է դեպի հարավ, բայց չի բացառվում, որ իշխանությունը հակառակն էլ անի։

«Մեկ էլ տեսար՝ իշխանությունը ռազգոն վերցրեց հակառակ ուղղությամբ՝ հարավից գնա դեպի հյուսիս։ Այս իշխանությունների օրոք կա՞ մի բան, որ գարանտիա ունի, սրանք թեկուզ երկրի փլուզումը հերթականությամբ չեն անում, սա քաոսային վիճակ է, որից որևէ մեկը գլուխ չի հանում։ Սա լավ բանի չի տանում, այդքան թույլ չպետք է լինես էլի»,- շեշտեց Արարատ Աղաբեկյանը։

Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից, մեր զրուցակիցն ասաց՝ մեծ ակնկալիքներ ունի շարժումից։

«Ես հավատում եմ այս շարժմանն ու վստահում, սա ոչ թե վերջին հույսն է, այլ միակ տարբերակն է, որը պետք է հաջողի՝ հայրենիքի փրկության համար։ Այս քարուքանդ Կառավարությունը չպետք է սնվի ու մեզ մինչև վերջ կործանի ու թուրքի ձեռքի տակ դարձնի ստրուկ։ Այս շարժումը պիտի հաջողի՝ հանուն մեր ապագա հաղթանակների»,- եզրափակեց Արարատ Աղաբեկյանը։

Տեսանյութեր

Լրահոս