Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ խաղաղության պայմանները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների պայմանները և նշել, որ պատրաստ է «թեկուզ հենց վաղը» նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Պուտինն ասել է ՌԴ արտգործնախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։
Որպես խաղաղության նախապայման՝ Պուտինը նշել է, որ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։
«Հենց Կիևում հայտարարեն այն մասին, որ պատրաստ են նման որոշման, և սկսեն զորքերի իրական դուրսբերումն այդ շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես ծանուցեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմից մենք անմիջապես, բառացիորեն նույն րոպեին, կհրամայենք դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նշված տարածաշրջանների ամբողջ վարչական տարածքի մասին, այլ ոչ միայն այն հատվածների, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Նա նաև երաշխավորել է ուկրաինական զորքերի անխոչընդոտ և անվտանգ դուրսբերումը, եթե Կիևը նման որոշում ընդունի։
Նա հավելել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է հասնել ուկրաինական հարցի խաղաղ կարգավորման։
Հունիսի 14-ին Պուտինը ՌԴ ԱԳՆ-ում հանդիպում է անցկացնում միգրացիոն քաղաքականության բարելավման հարցի շուրջ։