Իսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար). Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուժային կառույցներում աշխատած ընկերներս գուցե շտկումներ կանեն։
Երեկվանից մտածում եմ. եթե ես լինեի ոստիկանապետ, ունենայի խնդիր փակ պահել մի փողոց, ունենայի մտավախություն, որ մարդաշատ ցույցի մասնակիցները կարող են ագրեսիվ լինել, ի՞նչ կանեի։
Կշարեի 4-5 շարքով վահաններով ու սաղավարտներով ոստիկաններ, որպեսզի առարկաներ նետելու պարագայում կարողանան պաշտպանվել («կրիա» դասավորվածության անցնելու պատրաստվածություն ունեն մեր ոստիկանները)։ Ոստիկանների ու ցուցարարների միջև կանցկացնեի փշալար ամբողջ փողոցի լայնքով` կես մետր թողնելով անհրաժեշտ շարժի համար։ Փշալարի առկայությունը կարող էր միայն քաղաքական շահարկումների պատճառ դառնալ, բայց հո իմ խնդիրը չի քաղաքական հարցեր լուծելը, ես անվտանգությունն եմ ապահովում։
Վահաններով շարքի մեջ կկանգնեցնեի արցունքաբեր գազ օգտագործող 4-5 ոստիկան, ովքեր կարող էին սաստել ամենաագրեսիվ, փշալարն ու վահանները անցնել փորձող ցուցարարներին։
Շարքի թիկունքում կտեղակայեի մեկ կամ երկու ջրցան մեքենա, որը կօգտագործեի ինչպես խմբային հարձակման, այնպես էլ հրկիզումների դեպքում։
Այս հատուկ միջոցները կծառայեին անհրաժեշտության դեպքում հնարավոր նվազ վնաս պատճառելուն։
Տեղում ծառայության ղեկավարումը ու ցուցարարների հետ հաղորդակցությունը կհանձնարարեի այն ոստիկաններին, ովքեր առավել հավասարակշռված են, նաև հարգանք են վայելում ցուցարարների մոտ, օրինակ Լևոն Ղազարյանին։
Հաշվի առնելով հավաքի մարդաշատ լինելը, հույսս չէի գնի ձեռքի մեգաֆոնի վրա, ավելի հզոր բարձրախոս կբերեի, որպեսզի օրինական պահանջ ներկայացնելիս այն լսելի լինի հավաքի մասնակիցներին։
Թվարկված միջոցների թիկունքում, անվտանգ հեռավորության վրա կպահեի ոստիկանական ուժեր, ինչքան կարող եմ, այդ թվում հատուկ ստորաբաժանումներ, ավելի լուրջ հատուկ միջոցներ, որպեսզի եթե հնարավոր բախումները վերաճեն բռնի հանցագործությունների, ամբողջ ներուժով ներգրավվեն։
Իսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար).
Մի շարք վահաններով պատ կկազմեի, դրանց առաջ կբերեի ինչ որ անհասկանալի սնկանման ոստիկանների, նրանց անմիջապես թիկունքում կունենայի անպաշտպան ոստիկանների հոծ բազմություն, դրանց թիմունքում հիշատակածս «կրիան», էս ամեն ինչի մեջ շարքերի խախտումով կվազվզեին անհավասարակշիռ կարմիր բերետավորները, կքաշքշեին ցուցարարներին, շշեր կնետեին, կծեծեին մարդկանց։
Այդ ընթացքում լարվածությունը կփորձեին զսպել իրենց հերթին լարված այն ոստիկանները, ումից ցուցարարները ամենաշատն են զզվում, օրինակ` հավաքի մասնակիցների պատկերացումով` Ադրբեջանին հող հանձնելը հեշտացնող Կարեն Հակոբյանը, կամ նրբանկատագույն մի անձնավորություն` Հայկազ Ջոմարդյանը, կամ հենց ես ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանս, որ վերջին 10 օրը անընդհատ կռվի մեջ եմ մտնում ու չեմ կարողանում լեզու գտնել ցուցարարների հետ։
Վերջում էլ կտեսնեի, որ էլ իրադրության տերը չեմ, կհրամայեի ամենավտանգավոր հատուկ միջոցներից կիրառել ամենավտանգավոր եղանակով` առանց նայելու նռնակներ նետել մարդկանց ոտքերի տակ»։