«Օլիմպիականները. Փարիզ-2024». Ես դեռևս հաղթանակների ծարավ եմ. Արթուր Ալեքսանյան
Համաշխարհային սպորտի պատմության մեջ քիչ են այն մարզիկները, որոնք կարողացել են նվաճել օլիմպիական բոլոր մեդալները` ոսկի, արծաթ, բրոնզ: Հայկական սպորտում արդեն իսկ լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նրանցից մեկն է: «Արմենպրես»-ի հատուկ նախագծի` «Օլիմպիականները. Փարիզ-2024»-ի շրջանակների հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է:
Արթուր Ալեքսանյան
Հունահռոմեական ոճի ըմբիշ (97 կգ)
32 տարեկան
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր
Եվրոպայի 7-ակի, աշխարհի քառակի չեմպիոն
Եվրոպական խաղերի հաղթող
Փարիզ-2024-ը չորրորդ Օլիմպիական խաղերն են
Մրցումային օրերը` օգոստոս 6-7
– Եկեք սկսենք ամենասկզբից: Ե՞րբ եք Ձեզ առաջին անգամ հիշում ըմբշամարտի դահլիճում, ըմբշամարտով մարզվելիս:
– Մեր տանը ըմբշամարտը միշտ է եղել, քանի որ հայրս, հորեղբայրս, եղբայրս ըմբիշներ են եղել: Ու այս մարզաձևում լինելը ստացվել է ինքնըստինքյան: Հիմա էլ լավ հիշում եմ` ինչ ոգևորված էի, երբ առաջին անգամ գնացի մարզադահլիճ:
– Երկար տարիներ է, ինչ այս մարզաձևում եք: Չե՞ք հոգնել արդյոք:
– Գիտեք, ժամանակներ լինում են, երբ հոգնում եմ: Բայց ես հստակ գիտեմ, թե ինչի համար եմ մարզվում, ինչ ճանապարհ եմ անցել, ինչ ճանապարհ եմ հիմա անցնում ու ինչպես եմ գնալու մինչև վերջ` հասնելու իմ նպատակին:
– Եղե՞լ է արդյոք մի մրցաշար, որը բեկումնային է եղել վերջնականապես մարզաձևն ընտրելու հարցում:
– Այո, եղել են նման մրցաշարեր երիտասարդ տարիքում: Կարծում եմ՝ որոշիչ եղել է 2010 թվականի աշխարհի երիտասարդների առաջնությունը, որտեղ դարձա հաղթող: Հենց այդ չեմպիոնությունից հետո հաջորդ իսկ տարում արդեն մեծահասակների հավաքականում էի:
– Արթուր, Դուք նվաճել եք բոլոր մեդալները, որոնք կան ձեզ մարզաձևում: Օլիմպիական ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր եք: Ի՞նչն է Ձեզ դեռ պահում ասպարեզում:
– Եթե անկեղծ՝ այս հարցը ինձ էլի են տվել: Ես դեռևս հաղթանակների ծարավ եմ: Երբեմն ինքս ինձ էլ եմ հարցնում, թե որտեղի՞ց ինձ այս մոտիվացիան, որ այսքան մեդալներ ունեմ ու դեռ շարունակում եմ:
– Ձեզ մի բան ասեմ։ Գիտեք, բազմաթիվ զրույցներ եմ ունեցել երիտասարդ ըմբիշների հետ և նրանցից շատերը Ձեզ են օրինակ բերում, որ, տեսնելով Ձեզ այս տարիքում մարզվելիս, իրենք էլ են ոգեշնչվում: Արդյոք այս փաստն էլ ե՞ք հաշվի առնում:
– Գուցե, պահեր լինում են, որ հաշվի առնում եմ նաև այդ հանգամանքը: Մեր հավաքականն ընտանիքի պես է: Բոլորս միմյանց համար ցավում ենք և ուզում ենք, որ հաղթանակները շատ լինեն, ինչը կարևոր է նաև մեր երկրի, մեր ազգի համար:
– Հիմա, այս տարիների հեռվից. ի՞նչ տեղի ունեցավ Տոկիոյում:
– Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում Իրանի ներկայացուցչի հետ գոտեմարտի ժամանակ շատ լուրջ վնասվածք ստացա: Եվ եզրափակչում մի ոտքով էի գոտեմարտում: Բայց նույնիսկ այդ վիճակում պատրաստ էի հաղթել, եթե չլիներ մրցավարական կողմնապահությունը: Մինչ օրս էլ բոլորին ասում եմ, որ ձեռքով մրցակցիս ոտքին չեմ դիպչել: Աշխարհում մեկը չկա, որը ցույց կտա ինձ, որ ես ձեռքով կպել եմ նրա ոտքին: Եթե վնասվածքը չլիներ, վստահ եմ` կհաղթեի: Փորձելու եմ Փարիզ-2024-ին հասնել իմ նպատակին` դառնալ Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր:
– Ձեր առաջին Օլիմպիական խաղերը 12 տարի առաջ էին` Լոնդոն 2012-ին: Համաշխարհային սպորտում բացառիկ է, որ մարզիկն իր 4-րդ Խաղերին է մասնակցում: Ի՞նչ մտքով ու խորհրդով եք մոտենում Փարիզ-2024-ին:
– Գնում եմ հաղթանակի հետևից, բայց ինչ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Օլիմպիական խաղերի բոլոր գույների մեդալներն ունեմ: Ամեն մարզմանը, ամեն մարզումից հեռանալիս այն նույն զգացողությունն ունեմ, որ ունեի Ռիոյի խաղերին: Այն ներքին զգացումն ունեմ, որ գնում եմ օլիմպիական առաջին ոսկու հետևից: Եվ, գուցե, հենց սա է, որ ինձ ուժ է տալիս ու այսքան ժամանակ պահում է սպորտում:
– Իսկ Փարիզ-2024-ը Ձեր վերջի՞ն խաղերը կլինեն:
– Այդ հարցին դեռ չեմ կարող պատասխանել: Մտածում եմ այդ մասին, որ Խաղերից հետո ավարտեմ կարիերաս, բայց ինձ դեռևս չեմ պատկերացնում առանց ըմբշամարտի: Ես իմ կյանքն եմ դրել այս մարզաձևում և ինչ ինձ հիշում եմ, այս գորգի գույներն եմ հիշում, այս դահլիճն եմ հիշում:
– Արթուր, այդ պարագայում ինքներդ Ձեզ ինչ-որ բան ունե՞ք ապացուցելու:
– Գիտեք, էլ ապացուցելու ոչինչ չունեմ, ոչ ինքս ինձ, ոչ էլ այլոց: Պարզապես շատ դժվար է լինելու ըմբշամարտից կտրվելը: Սակայն նպատակ ունեմ, որ հաղթանակով ավարտեմ կարիերաս, սակայն չեմ կարող ասել, թե դա երբ կլինի:
– Ինչպե՞ս կուզեիք, որ մարզաձևից հեռանալիս Ձեզ հիշեն:
– Որպես կրկնակի օլիմպիական չեմպիոն (հեղ. ծիծաղում է): Բայց կուզենայի, որ հաջորդ սերունդները ձգտեին գերազանցել այդ արդյունքները:
– Ո՞րն է ըմբշամարտի գեղեցկությունը, որը դուք ` ըմբիշներդ, տեսնում եք, սակայն մեզ համար այն անտեսանելի է:
– Ըմբշամարտում թե՛ տանջալի ու դժվար պահերն են շատ, և թե՛ հաղթանակներն են կարևոր: Բայց ինձ համար ըմբշամարտն ապրելակերպ է և այս մարզաձևում ինձ ամենաշատը դուր է գալիս այն հարազատության զգացումը, որը կա թե՛ մեր սերնդի մեջ, թե՛ մեր մեծերի շրջապատում:
– Եթե մեկ հնարավորություն ունենայիք գոտեմարտելու համաշխարհային սպորտի պատմության մի ըմբիշի հետ, ո՞ւմ կընտրեիք:
– Իհարկե, քաշային կարգի տարբերություն կլիներ, բայց, գուցե, Ալեքսանդր Կարելինի, ինչպես նաև Արմեն Նազարյանի:
– Եվ եթե հայոց պատմության մի կերպարի հետ մեկ ժամ զրուցելու հնարավորություն տրվեր Ձեզ, ո՞ւմ հետ կուզեիք խոսել:
– Մեր թագավորների: Իսկ մեր ժամանակներին մոտ`Մոնթե Մելքոնյանի:
– Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…
– Նպատակակետ:
«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան