Ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել. Վահագն Խաչատուրյանը` հունիսի 12-ի դեպքերի մասին

ԱԺ շենքի մոտ հունիսի 12-ին ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիայի կազմակերպիչները լրիվ այլ տրամաբանության մեջ են գործել։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումներին։

«Ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում, և մենք շատ անգամներ զգուշացրել ենք այն մարդկանց, որոնք կազմակերպել են միտինգները` զե՛րծ մնացեք ավելորդ լարվածությունից, առավել ևս, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի՛ արեք, բայց, ցավոք սրտի, իրենց պահվածքն այլ էր, և ուժային կառույցները ստիպված էին անել այն գործողությունը, որը պարտավոր էին անել»,- ըստ ՍպոտնիկԱրմենիայի՝ ասել է Խաչատուրյանը։

Նա վստահեցրել է, որ իշխանությունը, օրենսդիր և գործադիր մարմինները, հակված չեն որևէ քաղաքացու ուժով կարգի հրավիրելու։

«Իմ խնդրանքն է, որպեսզի մարդիկ մեզ և ոստիկանությանն այդպիսի իրավիճակի առաջ չդնեն։ Մենք` որպես ժողովրդավարական երկիր, ուզում ենք` ամեն ինչ տեղի ունենա օրենքի շրջանակում։ Ցավոք սրտի, այսօրվա միտինգի կազմակերպիչները լրիվ այլ տրամաբանության մեջ են աշխատում։ Իրենց չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս