Սկսում եմ հացադուլ. Հայաստանն այլևս իրավական պետություն չէ Փաշինյանի և իր կոռուպցիոն աջակիցների ջանքերով. Պարույր Հայրիկյան

Ազգային ինքնորոշում միավորումի (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսում՝ բողոքելով, որ ՀՀ օրվա իշխանությունները Հայաստանը դարձրել են ոչ իրավական երկիր։

Իր քայլով Պարույր Հայրիկյանը ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել  ՀՀ-ում տիրող իրավիճակի վրա, որի պատճառն օրվա իշխանություններն են։

«Որևէ երևույթի վրա ուշադրություն դարձնելը նույնպես գործ է, եթե երևույթը կարևոր է։ Հայաստանն այլևս իրավական պետություն չէ Նիկոլ Փաշինյանի և իր կոռուպցիոն աջակիցների ջանքերով։ Մեր հիմնական օրենքի հարցում Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ստոր քայլեր։

Իմ այս քայլով նաև ցանկանում եմ աջակցել ու օգնել Բագրատ սրբազանին։ Հիմա ով ինչով կարող է, պետք է աջակցի այս շարժմանը, երևի ես իմ երգերով ավելի շատ եմ աջակցել, քան որևէ մեկը, որովհետև դրանք 50 տարի առաջ հանուն ազատության գրված երգեր են»,- 168.am հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը՝ հիմնավորելով իր տեսակետը.

Կարդացեք նաև

«Այսօր մարդկանց մեջ վարանում կա, մարդիկ չեն պատկերացնում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ աստիճանի ամբարտավան կարող է լինել, որ այդպես կառչի աթոռին։ Ու այդ աթոռի, պարգևավճարի ու դրամի միջոցով փչացնել հարյուրավոր մարդկանց»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։

ԱԻՄ առաջնորդը, իհարկե,  հացադուլը բացառիկ քայլ չի համարում, սակայն իր այդ քայլը մի առանձնահատկություն ունի, եթե սովորաբար հացադուլավորները, որպես կանոն, մի վայրում են անում ու առանց այս կամ այն վայր գնալու, սակայն ինքն այդպես չի անելու։ Գնալու է Բաղրամյան պողոտա, տալու է  հարցազրույցներ և լինելու է այն վայրերում, որտեղ իր ներկայության անհրաժեշտությունը կա, և այդ ընթացքում պահելով հացադուլը։

«Կլինեմ այն վայրերում, որտեղ կզգամ, որ իմ կարիքը կա, ինձ համար կարևոր է Աստծո խոսքը, երբ ծոմ ես պահում, չպետք է տխուր, ողորմելի ու թույլ երևաս։

Հացադուլս կդադարեցնեմ երկու դեպքում, եթե Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներողություն խնդրի, եթե այնտեղ եղած իրավաբան կոչվածները խոստովանեն ու հանրությունից ներողություն խնդրեն, որ դարձել են ապօրինի աշխատավարձ ստացողներ։ Արդարադատության ներկա ու նախկին նախարարները կոռուպցիոն հանցակիցներ են, նրանք պետք է մտածեն, որ վաղը-մյուս օրը կարող է իրենց երեխաներն իրենց ասեն՝ չամաչեցի՞ք՝ Հայրիկյանին ստիպեցիք գնալ բողոքի նման լուրջ դրսևորման։ Նաև կդադարեցնեմ այն դեպքում, եթե Բագրատ սրբազանը, ով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդն է, ասի, որ պետք չէ հացադուլ անել։

Սա իմ կողմից մի քայլ է, յուրօրինակ բողոք, որը որևէ մեկին չի վնասում, բայց այն գուցե կարող է որոշ մարդկանց զգաստացնել ու դարձի բերել»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս