«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի՝ ՄԱԿ-ին արված կոչը՝ չեղարկել աջակցությունը Ադրբեջանին՝ կլիմայական COP29 վեհաժողովն անցկացնելու հարցում։
«Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին՝ չեղարկել աջակցությունը Ադրբեջանին՝ կլիմայական COP29 վեհաժողովն անցկացնելու հարցում։ Լեմկինի ինստիտուտը նշում է, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է, որի ղեկավարը պարբերաբար ցեղասպանական գաղափարներ է հնչեցնում հայերի հասցեին՝ նրանց անվանելով «շներ», «շնագայլեր» և «ահաբեկիչներ»։ Լեմկինի ինստիտուտը հորդորում է միջազգային հանրությանը՝ մերժել ցեղասպանական գաղափարախոսությունը և դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին՝ վեհաժողովի անցկացման հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է «Գեղարդ» հիմնադրամի հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի անցկացումը նախատեսված է ամիսներ անց՝ 2024 թվականի նոյեմբերին Բաքվում։
«Նման լայնամասշտաբ միջոցառումը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, պետք է ուղղված լինի գլոբալ մակարդակի խնդրի համար լուծումներ որոնելուն։ Մինչդեռ Ադրբեջանը այն ծառայեցնում է նաև Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
Ադրբեջանն անցած տարիներին բազմիցս շահարկել է «բնապահպանական խնդիրները» (2022 թ․ վերջին, բնապահպանական պատրվակով, սկսվեց Արցախի լիակատար շրջափակումը)։ Ադրբեջանը նաև պարբերաբար կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի վրա՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքները։ Այս երկիրը շարունակում է քարոզել, որ իբր Արցախում զարգացնում է կանաչ էներգետիկան և մինչև 2050 թ․ այն դարձնելու է «ածխաթթու գազից ազատ գոտի»։
Այն միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ինչպես նաև տարբեր երկրների քաղաքական գործիչներ, որոնք հրապարակային աջակցություն են հայտնել Ադրբեջանին՝ կլիմայական վեհաժողովի անցկացման գործում և մասնակից են Ադրբեջանի «կանաչ կերպարի» գովազդին, պետք է հորդորեն Բաքվին՝ չօգտագործել կլիմայական միջոցառումն այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար։ Հակառակ դեպքում՝ նրանք ևս ուղիղ պատասխանատվություն են կրում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության համար»,- եզրափակվում է հիմնադրամի հայտարարությունը:
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի թիրախային հայտարարությունը։ ՄԱԿ-ը պարտավոր է հետամուտ լինել, որպեսզի իր հովանու ներքո անցկացվող միջոցառումը չօգտագործվի որպես հերթական առիթ՝ Հայաստանին հանիրավի մեղադրանքներ ներկայացնելու համար։