Շարժումը ազգի հավաքական կերպարը փրկելու շանս է. մենք պետք է վերագտնենք ու պաշտպանենք մեր արժանապատվությունը. Դավիթ Շահնազարյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երեկ այցելել էր Վարդենիս, երեկոյան Սոթքում շարժումն անցկացրեց հանրահավաք։

Մինչ այդ, Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շարժման մասնակիցները եղել էին նաև Գյումրիում, որտեղ կրկին անցկացրել էին հանրահավաք։

168.am-ի հետ զրույցում «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝  Սոթքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի խոսուն վկայությունն են  հանրահավաքի տեսանյութերը, բոլորն էլ տեսել են, թե Վարդենիսում ինչպես են սատարում շարժմանը։

Կարդացեք նաև

«Հանրահավաքին մեծ թվով մարդիկ են մասնակցել, նրանք մասնակցում էին ոչ թե զուտ հետաքրքրությունից դրդված, այլ, որովհետև համակարծիք են, որ Հայաստանում ի վերջո ժողովուրդը պետք է արժանապատիվ ապրի, իսկ իշխանությունն էլ լինի հայրենիքի, սահմանների ու ազգի մասին մտածող»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ Վարդենիսի բոլոր բնակավայրերից մարդիկ գնացել ու մասնակցել են հանրահավաքին։

«Յուրաքանչյուր մարդ կամարտահայտման և իր կարծիքն արտահայտելու իրավունք պետք է ունենա։ Ինքս երբեք չեմ խորշել իմ կարծիքն արտահայտելուց, մշտապես բարձրաձայնել եմ։ Այսուհետև ևս որևէ բան չի կարող կաշկանդել նույնն անելու։

Մեր շրջապատում այնպիսի մարդիկ են, որոնք պայքարում են հանուն գաղափարի, այլ ոչ թե՝ ընդդեմ մեկի։ Գաղափարախոսությունն այստեղ էական է, իսկ այն մեկն է, որ մենք պետք է վերագտնենք ու պաշտպանենք մեր արժանապատվությունը»,- շեշտեց Դավիթ Շահնազարյանը։

Ինչ վերաբերում է սպասելիքներին՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից, մեր զրուցակիցը նկատեց.

«Կիրանցից ես մասնակցում եմ այս շարժմանը, հետևաբար՝ ունեմ սպասելիքներ, որ ի վերջո այն կունենա հաղթական ավարտ։

Կարծում եմ՝ սա այն եզակի հնարավորությունն է, որտեղ ապակուսակցական, ապաքաղաքական հոգևոր անձ է ներկայացված՝ որպես Կառավարության ղեկավարի հավակնորդ։ Սա այն բացառիկ շանսն ու հնարավորությունն է, որտեղ մենք կարող ենք ժողովրդին համախմբել, հայ ժողովրդի հավաքական կերպարը փրկելու բացառիկ շանս ենք ստացել։ Մեր կողմից առնվազն հանցագործություն կլինի այս շանսը չօգտագործել՝ ի նպաստ մեր հայրենիքի ու պետականության։ Կարծում եմ՝ մարդիկ բաց չեն թողնի այս շանսը, քանի որ սթափվել են, նաև գիտակցում են, որ վերահաս մեծ վտանգ կա, որից խուսափելու համար ստացել են այս հնարավորությունը»,- ընդգծեց Դավիթ Շահնազարյանը։

Ինչ վերաբերում է լուրերին, որ երեկ հենց հանրահավաքի ժամին Գեղարքունիքի մարզպետարանից ու քաղաքապետարանից մարզում հաստատված արցախահայերին կանչել են՝ իբրև բնակարանային ինչ-որ հարցեր քննարկելու՝ նպատակ ունենալով՝ այդպիսով խոչընդոտել հանրահավաքին նրանց մասնակցելուն, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930