Հայրենիք ենք կորցում, այդ մարդը չի կարող երկիր ղեկավարել, ունակ չէ. ուշ թե շուտ այս շարժումը պետք է հաջողի. Կարո Վարդանյան
Հունիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մեծ հանրահավաք է հրավիրել։ Մոտավորապես մեկ ամիս շարժումն իր բողոքի ակցիաներն իրականացնում է մայրաքաղաք Երևանում, այս ընթացքում եղել են Գյումրիում, Գեղարքունիքում, նախատեսվում է այց նաև Սյունիք։ Երևանում Բագրատ սրբազանը շարժման մասնակիցների հետ այցելել է տարբեր գերատեսչություններ, թեպետ գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումները չեն կայացել, այդուհանդերձ շարժման մասնակիցները կարողացել են իրենց խոսքը տեղ հասցնել՝գերատեսչությունների շենքերի մոտ հայտարարությունների միջոցով։
168.am-ի հետ զրույցում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանն անդրադարձավ շարժման ընթացքին և հնարավոր զարգացումներին, իշխանությունների կողմից Բագրատ սրբազանին և Առաքելական եկեղեցին թիրախավորելուն, մասնավորապես, մայիսի 28-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր ոստիկանության կողմից խոչընդոտելուն: Մեր զրուցակցի մեկնաբանությամբ՝ չտեսնված ու չլսված բան էր Վեհափառի և առհասարակ հոգևոր դասի մուտքը Սարդարապատի հուշահամալիր ցինիկաբար արգելելը։
«Ցանկացած իշխանության համար պատիվ է կաթողիկոսի հետ մասնակցել արարողակարգին, հետո էլ դա արարողակարգի մեջ է, որ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները միասին պետական կարևոր տոները նշեն։ Մեզանում միշտ է այդպես եղել և աշխարհում է կարգն այդպես, չէ՞ որ դա հոգևոր իշխանություն է, իսկ քաղաքական իշխանություններն այս դեպքում իրենց տրված լծակներն օգտագործում են հանցավոր նպատակով։ Սա ենթադրում էր լայն հասարակական մշտական պարսավանք, տարօրինակ էր այս լռությունը։ Նախկինում եթե մի փոքր միջադեպ էր լինում, արևմտյան բոլոր կազմակերպություններն իրար հերթ չտալով՝ աղաղակում, բարձրաձայնում էին։ Բայց Սարդարապատի միջադեպից հետո որևէ դիվանագետի կամ միջազգային կառույցի ներկայացուցչի ծպտունը դուրս չեկավ»,- նշեց Կարո Վարդանյանը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ եկեղեցու դեմ իշխանությունների ատելությունը սկսվել է աղետի արշալույսին. Առաջին հարվածը ստացավ Առաքելական եկեղեցին՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման միջոցով, բայց ի ուրախություն մեզ՝ եկեղեցու դեմ սկսված շարժումն իր նպատակին չհասավ։ Իշխանությունը 2018 թվականից բարոյազրկեց ու հեղինակազրկեց գրեթե բոլոր կառույցները, միակ կառույցը, որին նրանց աղտոտ ձեռքը չի հասել՝ Առաքելական եկեղեցին է։
«Այժմ հայրենիք ենք կորցնում, ու Եկեղեցին ստիպված է պայքարն իր ձեռքը վերցնել, և ինքս լիահույս եմ, որ ուշ թե շուտ այս շարժումը պետք է հաջողի։
Կարծում եմ՝ որևէ կարիք ու անհրաժեշտություն չկար Տավուշի թեմի առաջնորդի լիազորություները սառեցնելու, Բագրատ սրբազանը կարող էր դրանով հանդերձ պայքարել, պարզապես այդ ամենն արեց իշխանությունների ավելորդ քննադատությունների դեմն առնելու համար:
Մեր իշխանությունները ո՛չ խիղճ ունեն, ո՛չ բանականություն, նրանք կարող են ամենաստոր միջոցներով հարձակվել այն ամենի վրա, ինչը մազաչափ սպառնում է իրենց աթոռին, սրանք ամեն ինչ հանուն իշխանության կապականեն։ Նիկոլ Փաշինյանի կուսակիցները, որոնք ոտք ու գլխով նվիրված են նրան, վաղուց արդեն գիտեն, որ սա թուրք-ադրբեջանական ծրագիր է, որը Նիկոլն իրականացնում է։ Ու այս մարդիկ դա տեսնելով հանդերձ՝ փորձում են Բագրատ սրբազանի հետևում ինչ-որ «ուրվականներ» փնտրել՝ էլ ռուսական ուժեր, էլ ԿԳԲ, էլ նախկիններ։ Իհարկե, ԱԱԾ-ն այս ամենը պաշտոնապես հերքել է, չնայած զարմանալի չէր լինի, որ չհերքեր, քանի որ ԱԱԾ-ն դարձել է շատ խոցելի կառույց՝ իմանալով, որ ՀՀ ղեկավարը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում՝ նրան չեն կանխում։ Չգիտեմ, մեր ԱԱԾ-ն գոնե հիմա կարողանո՞ւմ է իրեն պաշտպանել ամեն տեսակ օտար լրտեսներից»,- նշեց Կարո Վարդանյանը։
Ըստ նրա, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը մշատապես չպետք է մարդաշատ լինի, և լրատվամիջոցները պետք է մանրամասն լուսաբանեն, թե որտեղ ինչ է լինելու կամ ինչ եղավ, ինչպես եղավ՝ հանրությանը մատչելի լեզվով։
«Չգիտես ինչու, բոլորը մտածում են, որ հենց առաջին հանրահավաքով բոլոր հարցերը պետք է լուծվեն՝ այդպես չէ։ Տեսեք, Բագրատ սրբազանը ոտքից գլուխ հայ մարդ է, հայեցի ամեն ինչով, այդ մարդը որևէ վրիպում, նույնիսկ խոսքի սայթաքում մինչև հիմա թույլ չի տվել, որքան էլ մեծ են սադրանքներն ու գայթակղությունները։
Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից գործածում է պիղծ տեխնոլոգիաներ, դա պետք է օգտագործվի իր դեմ, բայց ոչ նրա ցինիզմով։ Ցինիզմ չէ՞, երբ նա մարդկանց առաջարկում է ծառեր տնկել, որ թշնամուն չտեսնեն, այդ մարդը չի կարող երկիր ղեկավարել, ունակ չէ»,- եզրափակեց Կարո Վարդանյանը։



