
Այդ տիկնոջը հիշեցրեք՝ Ադրբեջանում ու Թուրքիայում անհանգիստ են իրենց կրտսեր եղբորը՝ Փաշինյանին, կորցնելու հեռանկարից. Իշխան Սաղաթելյան

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2023 թվականի բյուջեով արտաքին քաղաքականության ոլորտում տարեկան կատարողականի հաշվետվությունը, որը ներկայացնում և պատգամավորների հարցերին պատասխանում էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ԱԳ նախարարն այդպես էլ չպատասխանեց ընդդիմադիր պատգամավորների հարցերին, թե ինչու հայկական կողմը պաշտոնապես չի հակադարձում Ալիևի այն հայտարարություններին, թե՝ «հայկական կողմը պետք է ճանաչի Խոջալուի դեպքերը»։ Փոխարենը՝ ակտիվություն դրսևորեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը. նա սկսեց մեղադրանքներ հնչեցնել Դաշնակցության և ՀԱԿ-ի հասցեին՝ նրանց անվանելով «Հայաստանում Ալիևի խոսափողը, քանի որ Խոջալուի դեպքերից մեկ Ալիևն է խոսում, մեկ էլ՝ ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը»։
Իշխանական պատգամավորի այս խոսքերից հետո Արարատ Միրզոյանն ասաց, որ լիովին կիսում է նրա գնահատականները։
168.am-ի հետ զրույցում Արարատ Միրզոյանին երեկ հակադարձել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր ասաց.
«Ամեն մի ապուշություն մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։
Ընդամենը սույն տիկնոջը հիշեցրեք, որ այս օրերին Ադրբեջանում և Թուրքիայում պաշտոնական մակարդակով հայտարարություններ են հնչում, որ խիստ անհանգիստ են իրենց կրտսեր եղբորը՝ Նիկոլի Փաշինյանին, կորցնելու հեռանկարից և պատրաստ են նրան պաշտպանել ազգային ուժերից»: