Ինչպես է Արատեսի բնակիչը վնասվել արջի կողմից
Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ և ցավալի դեպք է արձանագրվել Վայոց ձորի Արատես գյուղում: Քաղաքացին վայրի բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջի, որը վնասել է նրան։ Դեպքի վայր ժամանել և քաղաքացուն օգնություն են ցուցաբերել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռենջերները, որոնք նաև դեպքի վայր են ուղղորդել ՀՀ ՆԳՆ աշխատակիցներին։
Ըստ նախնական տվյալների՝ արջի հետ հանդիպած 38-ամյա քաղաքացին Արատես գյուղի բնակիչ է, զբաղվում է բոխու հավաքչությամբ և հաճախակի գնում է դաշտ։ Այսօր նույնպես գնացել է հանդամաս բոխի հավաքելու, սակայն բարձրանալով սարի գոգավորությունը մոտ 20-30 մետր հեռավորության վրա նկատել է արջի, բարձր ձայներ է արձակել և կենդանին փախչել է։ Ցավոք, քաղաքացին չի նկատել, որ տարածքում ևս մեկ արջ է եղել և արդեն 2-րդը վնասել է նրան։
Դեպքը տեղի է ունեցել Հերմոն վարչական տարածքում։ Արատես գյուղի բնակիչը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և այժմ բժշկական օգնություն է ստանում «Եղեգնաձոր» ԲԿ-ում։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ևս մեկ անգամ հորդորում է վայրի բնության հետ առնչվող յուրաքանչյուր քաղաքացու լինել շատ զգոն, ուշադիր, ինչպես նաև՝ իր հետ ունենալ պաշտպանիչ միջոցներ։
Հիշեցնենք, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարիներ շարունակ զբաղվում է մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի ուսումնասիրմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ շեշտը դնելով կոնֆլիկտի մեղմանն ուղղված գործողությունների վրա:
Այս համատեքստում Հիմնադրամը տարիներ շարունակ աջակցում է Վայոց ձորի համայնքներին՝ տրամադրելով էլեկտրական հովիվներ, պաշպանելու իրենց պտղատու այգիները, մեղվափեթակներն ու սեփականությունը, մասնակիորեն փոխհատուցելով հասցված վնասը, ստեղծելով այլընտրանքային աշխատատեղեր տեղաբնակների համար բնապահպանության ոլորտում, կրթելով թիրախային խմբերին և ներգրավելով նրանց բնապահպանական միջոցառումներին: Այժմ էլ մեկնարկել է նոր «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում առաջիկա երեք տարիների ընթացքում FPWC մասնագետները կուսումնասիրեն կլիմայի փոփոխության ազդեցությունը խնդրի սրացման տեսանկյունից, թե ինչպես են ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ու հարաբերական տաք ձմեռներն ազդում կենդանիների քնից շուտ արթնանալու, կերի պակասի վրա, ինչպես նաև՝ այլ կապակցված խնդիրների վրա:
Ընդգծենք, որ որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: