«ԳՇ պետը իմ՝ նախարար և Գերագույն հրամանատար լինելու ժամանակ երևացող պաշտոն չի զբաղեցրել». Սերժ Սարգսյան
«Եթե նկատել եք, ես վաղուց դադարել եմ արձագանքել Ադրբեջանի գործողություններին, որովհետև այսօր պատասխանատուն ուրիշ մարդ է։ Երկու-երեք տարի առաջ երբ արձագանքում էինք, այնտեղ շատ կոնկրետություն կար՝ կոնկրետ իմ նկատմամբ։ Իսկ հիմա ի՞նչ արձագանքենք, իմաստը ո՞րն է»,- դիզվառելիքի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին։
Ըստ Երրորդ նախագահի, եթե որևէ մեկը կարծում է, թե տեղի ունեցող ապօրինի գործողություններից հետո ադրբեջանցիներն ասելու են՝ «ապրեն հայերը, ամեն ինչ նորմալ է», ապա այդ մարդիկ միամիտ են։
Լրագրողի հարցին՝ այսինքն խաղաղություն չի՞ լինելու, ինչպես պրոպագանդում են իշխանությունները, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Խաղաղությունը հարաբերական հասկացողություն է։ Եթե Ադրբեջանն այսօր հայտարարի, որ այսօր ամեն ինչ լավ է ընթանում, արդյոք դա երաշխի՞ք է, որ վաղը չէ մյուս օրը կարող է կարծիքը չփոխել, երաշխիք չկա էդպիսի բաների։ Խաղաղության երաշխիք միայն, մեծ մասամբ նկատի ունեմ՝ կախված է այդ երկրի ունակությունից, ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը»,- հավելեց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Խոջալուի դեպքերի առնչությամբ Ալիևի հայտարարություններին և Հայաստանին ուղղված պահանջներին, Սերժ Սարգսյանն ասաց, թե Ադրբեջանի այդ հեքիաթներին ինքը վաղուց է պատասխանել և պատասխանել է ԵԽԽՎ ամբիոնից։
«Ես ասել եմ՝ այն ամենը, ինչ որ հայերն ունեն՝ լավը չէ, և պարտադիր չէ, որ ադրբեջանցիներն էլ ցեղասպանություն ունենան, սա իրենց գործն է։ Ակնհայտ է, չէ՞, որ իրենք միշտ պահանջներ են ներկայացնում, որպեսզի Հայաստանի այսօրվա ղեկավարները, ովքեր չեմ հասկանում, թե որտեղով են մտածում… պատճառները հայտնի է, չէ՞, ես դեռևս վաղուց եմ ասել, որ կապիտուլացված ղեկավարը չի կարող բանակցություններ վարել։ Դրա համար եմ ասում, չգիտեմ՝ որտեղով են մտածում, որ նման բան են անում»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ Տավուշում տեղի ունեցող գործընթացում չեղավ մի զինվոր կամ հրամանատար, որը կհրաժարվեր թողնել իր դիրքը, Սերժ Սարգսյանը նկատեց՝ կան մարդիկ, որոնք իր Պաշտպանության նախարար եղած ժամանակ կրկին ծառայում էին բանակում, բայց ծառայում էին բոլորովին այլ մակարդակում։
«ԳՇ պետը իմ գերագույն գլխավոր հրամանատար եղած ժամանակ, առավել ևս՝ Պաշտպանության նախարար եղած ժամանակ, երևացող պաշտոն չէր զբաղեցնում։
Խոսքը բանակի էլիտայի մասին է, դուք կարող եք ինչ ուզում եք ասել ՊՆ նախարարին, ԳՇ պետին, կորպուսի հրամանատարներին, բայց եթե սկսենք մեղադրել կրտսեր հրամանատարական կազմին, ապա այլևս բանակ չենք ունենա»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր դիզվառելիքի շինծու գործով դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին և մյուս մեղադրյալներին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում