Լոռիում և Տավուշում տեղի ունեցած հեղեղումները հսկայական վնաս են հասցրել ենթակառուցվածքներին․ նախարարը մանրամասնում է

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումները հսկայական վնաս են հասցրել ենթակառուցվածքներին։

ՀՀ կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ամփոփելով արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։

«Երկաթուղու տարբեր հատվածներում վնասները մոտ 2 կիլոմետրի են հասնում։ Դա հիմնականում Այրում կայարանից մինչև Սանահին կայարան հատվածն է, բայց, բացի դա, վնասված են նաև սյուներ, ենթակայաններ։ Բավականին երկար ժամանակ կպահանջի երկաթուղու վերականգնման համար»,- ասաց Սանոսյանը։

Խոսելով ճանապարհներին հասցված վնասներից՝ Սանոսյանը նշեց, որ հիմնականում մեծ վնաս է հասցվել M-4 և M-6 միջպետական ճանապարհներին։

«M-4 ճանապարհն ունի 10 վնասված հատված, որոնցից հատկապես հինգը բավականին խոշոր են։ Դա Դիլիջանից Իջևան հատվածում է հիմնականում։ M-6 ճանապարհը 43 հատվածներով է վնասված։ 43-ից 5-ում ամբողջովին ճանապարհը վնասվել է։ Այդ 5 հատվածից 4-ը վերականգնվել է, վերջին վնասված հատվածի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ճանապարհը նաև ջրածածկ էր Նոյեմբերյանից մինչև Բագրատաշեն հատվածում, ինչի հետևանքով մեկ օր մաքսակետը չաշխատեց։ Հետագայում ջրի մակարդակը նվազեց և ճանապարհը կարողացանք մաքրել։ Հիմա այդ հատվածը հասանելի է։ Մնացած հատվածը՝ Վանաձորից դեպի Ալավերդի և Այրում, երթևեկության համար փակ է»,- նշեց Սանոսյանը։

Անդրադառնալով կամուրջներին հասցված վնասներին՝ Սանոսյանը զեկուցեց, որ հեղեղումների հետևանքով մոտ 20 կամուրջ կա վնասված։

«Դրանք համայնքային են, տեղական, նաև հետիոտնային կամուրջներ են։ Վնասված խոշոր կամուրջներից են Սանահինի, Ախթալայի, Այրումի, Քարկոփի, Խաշտարակի և Շնողի կամուրջները։ Հատկապես Ախթալայի և Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով 7 բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունեն։ Եվ հիմա այդ բնակավայրերի մատակարարումները իրականացվում են հիմնականում լեռնային անտառապատ հատվածի ճանապարհով, որը բարեկարգում են»,- ասաց Սանոսյանը։

Նախարարի խոսքով՝ ջրային ենթակառուցվածքներում ևս լուրջ վնասներ կան։

«Այս վնասների հետևանքով մի շարք բնակավայրեր ջրամատակարարումից զրկվել են, որոշ տեղերում ստիպված են եղել նաև մատակարարումը դադարեցնել, որպեսզի ջրի որակի հետ կապված խնդիր չառաջանա։

Դիլիջանում ջրի մատակարարումը մասնակի է վերականգնվել։ Ջրի հետ կապված գլխավոր խնդիրը Ախթալա բնակավայրում է, որտեղ մենք ջրատար մեքենայով ենք ջուրը տեղափոխում և նաև 5-6 լիտրանոց տարաներով»,- նշեց Սանոսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ հեղեղումների հետևանքով շուրջ 17 հազար բաժանորդ հոսանքազրվել է։

«Համապատասխան աշխատանքներ են իրականացվել և հիմա միայն 600 բաժանորդ է հոսանքազրկված՝ հիմնականում Ալավերդու Սանահին կայարան թաղամասում»,- ասաց Սանոսյանը։

Ինչ վերաբերվում է գազի մատակարարման հետ կապված խնդիրներին՝ Սանոսյանը հայտնեց, որ 19 հազար բաժանորդ զրկվել էր գազի մատակարարումից։

«Ներկայում 18 հազար 609 բաժանորդի մոտ գազամատակարարումը վերականգնվել է»,-հավելեց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս