Հայաստանի իշխանությունն իրենց կողմից Ադրբեջանին տրված Արցախի գույքի հետ ի՞նչ կապ ունի. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այսօր առավոտյան Երևանում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանավորմանը։
«Ո՞ր պետությանն են Արցախի համայնքապետերը վնաս հասցրել, այն պետությանը, որ իրենք հիմա կոչում են Ադրբեջան։ Այսինքն՝ հիմա ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները լծված են օգնել, աջակցել Ադրբեջանի իշխանությունների՞ն, որովհետև ըստ իրենց՝ Արցախի Հանրապետությունը դա Ադրբեջան է, և գույքը, կոնկրետ՝ մեքենաները, բերվել են Արցախի Հանրապետությունից։
Ընդ որում, վստահաբար կարող եմ ասել, որ իմ քաղաքի՝ Ստեփանակերտի քաղաքապետն իր անձնական մեքենայով է եկել, այդ մեքենաներն այնտեղից բերվել են, որպեսզի մարդկանց կարողանան տեղափոխել։ Իրենք կարող էին թողնել ու փրկել միայն իրենց ու իրենց ընտանիքի կյանքը, բայց չեն թողել, մարդկանց են դրանցով տեղափոխել։
Ի՞նչ կապ ունեն ՀՀ իշխանություններն Արցախի գույքի հետ։ Կրկնում եմ՝ եթե իրենք ընդունում են, որ դա Ադրբեջան է, ապա ի՞նչ գործ ունեն Ադրբեջանի գույքի հետ»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Արցախցի պատգամավորն ընդգծեց, որ մեկ բան հստակ է՝ այս ամենը քաղաքական հետապնդում է՝ հեղինակություն ունեցող մարդկանց ձերբակալում են, դրանով փորձում են վախեցնել մյուսներին։
«Բայց դուք ինքներդ տեսնում եք, որ որևէ մեկը դրանից չի վախենում, և իրենց ազատ արձակումն էլ ժամանակի հարց է ընդամենը լինելու, որովհետև օրինաչափ չէ»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում