Եթե Երևանում տրանսպորտային ցանցը նորմալ լիներ, տաքսիներն այսքան պահանջարկ չէին ունենա. ջուրը պղտորել են, որ փող աշխատեն. Վահագն Սահակյան

Մայիսի 22-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդները գործադուլ էին հայտարարել՝ պահանջում էին վերականգնել գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանին իր պաշտոնում։ Նրանք բողոքում էին, որ ընկերության նորանշանակ տնօրենն անհարկի և պարզապես սեփական քմահաճույքով շատ վարորդների ազատել է աշխատանքից։ Այս բողոքի ակցիայի ընթացքում քաղաքում կոլապս էր ստեղծվել, տրանսպորտ չկար, մարդիկ մնացել էին կանգառներում ու չէին կարողանում տուն հասնել: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպեց վարորդների հետ՝ քննարկելու մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում ստեղծված իրավիճակը:

Ի վերջո, բողոքի ակցիաներից հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ սպասվող «Ժոնգ Թոնգ» մակնիշի 171 ավտոբուսները վարելու համար: Երեկ լրատվամիջոցներից մեկին քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ բողոքող վարորդների հետ բանակցել են, և նրանք վերադարձել են աշխատանքի, իսկ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի նոր տնօրենի նշանակումից հետո չարաշահումներ են հայտնաբերվել:

168.am-ի հետ զրույցում Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն ասաց, որ առհասարակ տրանսպորտային խնդիրների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղվեն Երևանի «թառլան» քաղաքապետին։

«Այսօր ո՞վ է մտածում երևանցու մասին, իսկ բոլոր այն վարորդները, որոնք մտածում են, որ իրենց իրավունքները խախտվել են ու անհարկի են իրենց աշխատանքից ազատել, թող անպայման մտնեն դատարան, որևէ մեկը իրավունք չունի իր քմահաճույքով մարդուն ազատել աշխատանքից։ Այդ մարդիկ, որ աշխատում են, նրանք ունեն աշխատանքային պայմանագիր, չեն կարող հենց այնպես այդ պայմանագիրը խզել։

Կարդացեք նաև

Եթե քաղաքապետարանը Երևանում տրանսպորտային ցանցը նորմալ կազմակերպած լիներ, տաքսիներն այսքան պահանջարկ չէին ունենա, ու «Յանդեքսն» այսքան տարի ուղղակի երկրի թալան չէր անի»,- շեշտեց Վահագն Սահակյանը։

Նրա խոսքով՝ եթե Երևանի քաղաքապետարանում լսեին մասնագետների կարծիքները, ապա վարորդները բողոքի ակցիաներ չէին անի, հանրային տրանսպորտն այդքան ծանրաբեռնված չէր աշխատի ու մարդկանց էլ անհարկի անհանգստություններ չէին պատճառի։

«Իմ մի քանի խորհուրդներ ընդունել է միայն Երևանի նախկին քաղաքապետը, իսկ նորերը առհասարակ դրանք չեն էլ լսում։ Բոլորն ինչ-որ անձնական հարցերով են զբաղված, իրենց ազգ ու տակին աշխատանքի ընդունելով, պարգևավճարներ ստանալով և այլն։ Մեկ անգամ բերեցին, Երևանում մի քանի գիծ քաշեցին, տրանսպորտային երթուղին առանձնացրեցին, բայց սա տևեց մեկ ամիս, անձրևը եկավ, գծերը մաքրեց տարավ, ու այդպես էլ նորը չարեցին։

Հիմա տեսախցիկները շարած՝ մարդկանց են նկարում, որևէ գիծ գծած չէ, չի երևում, որ դա առանձնացված շարք է՝ տրանսպորտային երթուղու համար։ Դե, ովքեր չգիտեն, այդ գծերով մեքենան վարում են ու տուգանվում։ Մի հին խոսք կա՝ ջուրը պղտորիր, որ ձուկ բռնես, հիմա սրանք ջուրը պղտորել են, որ փող աշխատեն։ Չեմ կարծում, որ Երևանի քաղաքապետարանը փող չունի, որ այդ գծերը նորմալ քաշի, հիմա աշխարհում նույնիսկ լույսն անդրադարձնող ներկով են գծեր քաշում, կամ չջնջվող նյութերով։ Իսկ Հայաստանում մինչև հիմա ջրաներկով գծեր են քաշում, որը տևում է մեկ շաբաթ, մեկ շաբաթից հետո մարդկանց տուգանելը սկսվում է»,- եզրափակեց Վահագն Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս