Բաժիններ՝

Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ

Եմենի Մոհա քաղաքի ափերի մոտ հրթիռային հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Պանամայի դրոշով նավթատար նավի վրա։

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության բրիտանական Ambrey ընկերության տարածած տեղեկությունը։

Ըստ աղբյուրի՝ ռադիոհաղորդակցությունը ցույց է տվել, որ նավը խոցվել է հրթիռով, ինչից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել:

Հաղորդվում է նաև, որ խոցվելուց հետո լցանավն օգնություն է ստացել, իսկ նրա ղեկային ստորաբաժանումներից մեկը շարունակում է գործել:

«Ambrey-ն տեղեկություն է ստացել, որ Պանամայի դրոշով հում նավթ տեղափոխող նավը հարձակման է ենթարկվել Եմենի Մոհայից հարավ-արևմուտք՝ մոտավորապես 10 ծովային մղոն հեռավորության վրա», – հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմի ծովային առևտրի օպերացիոն գրասենյակը հայտնել էր, որ նավը, որը գտնվում է Եմենի Խոդեյդա նավահանգստի մոտ, փոքր վնաս է կրել հարձակման հետևանքով:

Եմենի հյուսիսում իշխող հութիական «Անսար Ալլահ» շարժումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը, ավելի վաղ հայտարարել էր Պաղեստինին աջակցելու մասին և այն մասին, որ մտադիր է հարձակվել Իսրայելի հետ կապված ցանկացած նավերի վրա՝ կոչ անելով այլ երկրներին հետ կանչել իրենց անձնակազմին։

Միաժամանակ նրանք հայտարարել են, որ չեն խոչընդոտում տարածաշրջանում նավարկության ազատությանը և չեն միջամտում այլ երկրների նավերին։ Կարմիր ծովում հարձակումների ֆոնին որոշ ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս