Բաժիններ՝

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կաջակցի Հայաստանին՝ աշխարհի առաջնության կազմակերպման հարցում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կաջակցի Հայաստանին 2027 թվականի աշխարհի առաջնության կազմակերպման հարցում:

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը:

«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի վարկանիշային առաջնության հյուրընկալության իրավունքը տալ Հայաստանին: Այդ առաջնությունը վարկանիշային կլինի 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանն այն ուժեղագույն երկրներից մեկն է, որը կկազմակերպի աշխարհի առաջնությունը»,-ասաց նա:

Ջալուդի խոսքով` Հայաստանում խորն են ծանրամարտի արմատները և երկիրը միշտ էլ պայքարել է Օլիմպիական խաղերի մեդալների համար:

«Հպարտությամբ ենք խոսում, որ ծանրամարտը շատ տարածված է Հայաստանում: Մենք, որպես ծանրամարտի միջազգային ֆեդերացիա, մեր ամբողջ աջակցությունը կցուցաբերենք 2027 թվականի աշխարհի առաջնության կազմակերպման հարցում Հայաստանի կառավարությանն ու ազգային ֆեդերացիային»,-ասաց միջազգային ֆեդերացիայի ղեկավարը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն առանձնացրեց, որ 2023 թվականին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության կազմակերպումը մեծ հեղափոխություն էր մարզաձևերի առաջնությունների կազմակերպչական ոլորտում:

«Երևանում կայացած 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը կազմակերպչական առումով վերջին 10 տարիների ընթացքում լավագույն առաջնությունն էր: Հայաստանի կարողությունները մեծամասշտաբ միջազգային մրցաշար կազմակերպելու համար շատ մեծ են: Հիմա նոր մարտահրավեր է առաջ եկել` 2027 թվականի աշխարհի առաջնությունը»,-ասաց գլխավոր քարտուղարը:

Ուրսոն ընդգծեց, որ աշխարհի առաջնությանը կմասնակցի 120 պետության մոտ 600 ծանրորդ: Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ Հայաստանը կրկին կփայլի իր հյուրընկալությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս