Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ցավալի է համարել Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցներն ընդլայնելու՝ Եվրամիության երկրների որոշումը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Ցավալի է տեսնել, թե որքան արագ է ԵՄ-ն որոշում կայացնում Իրանի դեմ լրացուցիչ անօրինական պատժամիջոցներ սահմանելու մասին սոսկ այն պատճառով, որ Իրանն իրականացրեց իր ինքնապաշտպանության իրավունքը՝ ի դեմս Իսրայելի անխոհեմ ագրեսիայի», – գրել է դիվանագետը։

Ամիր Աբդոլլահիանը դարձյալ ուշադրություն է հրավիրել Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողությունների վրա՝ ԵՄ-ին կոչ անելով «գործել պատասխանատվությամբ և պատժամիջոցներ կիրառել» Իսրայելի դեմ։

Ապրիլի 22-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Լյուքսեմբուրգում Եվրամիության խորհրդի նիստի ընթացքում ԵՄ անդամ երկրները քաղաքական համաձայնություն են ձեռք բերել Իրանի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արտադրողների դեմ պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ։ ԵՄ խորհրդի կողմից այդ որոշման պաշտոնական ձևակերպումից հետո Բրյուսելը կկարողանա նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ։

Ապրիլի 13-ի երեկոյան Իրանը շուրջ 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակման, որի հետևանքով 13 մարդ էր զոհվել, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։ Թեհրանն այդ հարձակման մեջ մեղադրում է Իսրայելին։ Իսրայելի պաշտպանության բանակում նշել են, որ կալանել են իրանական արկերի 99 %-ը, աննշան վնաս է հասցվել Նևաթիմ ավիաբազային:

Տեսանյութեր

Լրահոս