Անահիտ Ավանեսյանի հարցը վճռված է. հարմար պահի են սպասում

Երբ կարկառուն ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը սկսեց «բոչկա գլորել» Անահիտ Ավանեսյանի վրա, պարզ էր, որ առողջապահության նախարարի աստեղային ժամն ավարտվում է, և նա ստիպված է հրաժեշտ տալ իր պաշտոնին։

Կարծում եք, Վահագն Ալեքսանյանն ինքնագլո՞ւխ էր Ազգային ժողովում վերջին շրջանում ներկայացումներ կազմակերպում, տարբեր առիթներով հանդիմանում ու անհարմար դրության մեջ դնում առողջապահության նախարարին։

Իհարկե՝ ոչ։

Առանց Նիկոլ Փաշինյանի իմացության ու թույլտվության՝ ՔՊ-ում անգամ ճանճը չի տզում, ուր մնաց թե՝ կուսակցության վերնախավում պատահաբար հայտնված ինչ-որ մեկն այսպես հրապարակավ հարձակվեր Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամի վրա։

Այն, ինչ անում էր Վահագն Ալեքսանյանը, չէր կարող լինել առանց Նիկոլ Փաշինյանի «դաբրոյի» ու իմացության։

Նման հարցերը սովորաբար փակ դռների հետևում են լուծվում ու դուրս չեն գալիս ջրի երես, առավել ևս՝ հասնում հրապարակային մեղադրանքների։

Իշխանության կուլիսներում նախարարների գործունեության հետ կապված շատ ավելի աղմկոտ ու կարևոր թեմաներ են շրջանառվում, որոնք այդպես էլ փակ են մնում։

Հարց չի՞ առաջանում, ինչո՞ւ հանկարծ Վահագն Ալեքսանյանը որոշեց հրապարակային «տեղը դնել» առողջապահության նախարարին, երբ կուսակցական վերադասության կարգով, բոլոր լծակներն ու հնարավորություններն ուներ իրեն հետաքրքրող խնդիրները դեմ առ դեմ քննարկել Անահիտ Ավանեսյանի հետ։

Ի վերջո, եթե այդպիսի խնդիրներ կային, կարող էին իրենք իրենց մեջ լուծել։ Բայց որոշեցին հրապարակային անել։

Ազգային ժողովում իշխանական պատգամավորը հանկարծ համարձակվում է բացեիբաց ոչ ցանկալի հարց բարձրացնել կառավարության ՔՊ-ական անդամի առաջ, հոխորտում է, պատին է դեմ տալիս։ Ասում է՝ վերջերս հարցում էի ուղարկել առողջապահության նախարարություն, խնդրելով ինձ տրամադրել Երևանում գտնվող պետական բժշկական կենտրոնների տնօրենների 2023թ. ստացած պարգևավճարների ու հավելավճարների հետ կապված ինֆորմացիան, ու շատ զարմացա պատասխանից։ Պարզվեց, որ 100 տոկոս պետական մասնաբաժնով ԲԿ-ների տնօրենների պարգևավճարն ու հավելավճարը հանդիսանում է անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքով պաշտպանված տվյալ։

Անհասանելի է նաև, թե 100 տոկոս պետական մասնաբաժնով ընկերությունում ինչ հերթափոխով են աշխատում աշխատողները։

«Վերջերս դիմում-բողոքներ ենք ստանում անձանցից՝ բժշկական կենտրոնում աշխատաժամերի և հերթափոխերի հետ կապված։ Այդ մասով էլ ենք դիմում, ասում ենք՝ մարդիկ 32 ժամ աշխատելու հետ կապված բողոքներ ունեն, պարզվում է՝ դա էլ առևտրային գաղտնիք է։ Ես ուզում եմ հասկանալ, թե ոնց է հնարավոր, որ զինված ուժերի հետ կապված գաղտնիքները պատգամավորներին հասանելի լինեն, բայց 100 տոկոս պետական բաժնով աշխատող ընկերություններն այդքան անհասանելի լինեն։

ԱԺ-ն բյուջե է հաստատում, դուք գալու եք ուզեք, ինչի՞ պետք է կողմ քվեարկենք, եթե չգիտենք՝ այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում։ Ես չեմ հասկանում այդ մոտեցումը»,- ԱԺ-ում առողջապահության նախարարից պարզաբանում պահանջեց ՔՊ-ական պատգամավորը։

Թե ինչի՞ համար էին նրա այս խայթոցներն առողջապահության նախարարի ու նախարարության ենթակայության համակարգի հասցեին, դժվար չէ հասկանալ։

Այնպես չէ, որ առողջապահության նախարարին խայթելու առիթ կամ պատճառ չկա, ու առողջապահության ոլորտում ամեն ինչ իդեալական է։ Բայց, երբ դա անում է իշխանական պատգամավորը, կուսակցական գործընկերոջ հասցեին, չի կարող հենց այնպես լինել ու հարցեր չառաջացնել։

Զարմանալի չէ, որ հաշված օրեր անց իրավապահները գրոհեցին առողջապահության նախարարության ու համակարգի որոշ հաստատությունների վրա, մարդկանց բերման ենթարկեցին, փաստաթղթեր առգրավեցին։

Հարմար պահի են սպասում՝ հերթական խոշոր չարաշահումների ու վատնումների մասին հայտարարելու համար։

Առայժմ նախարարի անունը չեն շրջանառում դրանց հետ կապված, բայց այդ օրը հեռու չէ։

Առողջապահության համակարգից դժգոհությունների պակաս չկա, բազմաթիվ խնդիրներ են կուտակված։

Ստվերային շրջանառությունների ու կոռուպցիայի մասին չենք ասում։

Ինչքան էլ պետական ֆինանսավորումն ավելացնում են, էլի քչություն է անում։ Գումարներն ո՞ւր են գնում, ի՞նչ են լինում, ինչպե՞ս են բաշխվում, ինչպե՞ս են ծախսվում, որ տարվա կեսերին պետպատվերը սպառվում է, ու շատերը, ունենալով դրանից օգտվելու իրավունք, չեն կարողանում օգտվել, հայտնի չէ։

Համակարգը նույն կոտրած տաշտակի առաջ է, սայլը տեղից չի շարժվում։

Հիմա էլ ասում են՝ պետպատվերներն են կասեցրել, հերթագրումներն են չեղարկում, հորդորում են սպասել, հետաձգել բուժումը։

Ամեն ինչ անում են, արհեստական դժվարություններ, քաշքշուկներ  են ստեղծում, որպեսզի հնարավորինս քիչ մարդ կարողանա օգտվել պետպատվերից։

Մինչդեռ, ոչ վաղ անցյալում խոսում էին չսահմանափակվող բյուջեով օֆերտայի անցնելու մասին։

Խնդիրները քիչ էին, նորերն են ավելացնում։ Դրանցից մեկն էլ դարձավ վերջերս հանպատրաստից ներմուծված էլեկտրոնային դեղատոմս կոչվածը, որը շատերին կանգնեցրել է նոր խնդիրների ու քաքշուկների առաջ։

Բայց սրանք դեռ մանրուքներ են այն ամենի դիմաց, որոնք հետո են առաջանալու՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ժամանակ։

Ինչպես հայտնի է, հաջորդ տարվանից կառավարությունը մտադիր է սկսել այս ինստիտուտի գործարկումը։

Ապահովագրության ներդրումը մեծածավալ աշխատանք ու կարողություններ է պահանջում։ Բայց առողջապահության համակարգը պատրաստ չէ դրան։

Այսպիսի կարողություններով ու պատրաստվածությամբ, այսքան խնդիրների ու բացթողումների պայմաններում, ապահովագրության ինստիտուտի ներդրման տապալումը երախավորված է։ Սա հավանաբար հասկացել են նաև իշխանություններն ու, ըստ էության, արդեն նշանակել են համակարգի ձախողումների պատասխանատուին։ Հերթական քավության նոխազն են ընտրել։ Մինչ այդ,՝ սովորության համաձայն, շուներ կբեմադրեն, ինչպես արեցին էկոնոմիկայի նախարարի պարագայում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս