Բաժիններ՝

Հաստատվել են բնակարաններով ապահովման ծրագրի հավակնորդների ցանկը և բնակարանների ընտրության վերջնաժամկետը

Հաստատվել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում «Նոր Երևան» թաղամասում բնակարան գնելու հավակնորդ հանրային ծառայողների ցուցակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Նշվում է, որ այդ մասին հանրային ծառայողներն իրենց էլեկտրոնային հասցեներին արդեն ստացել են անհատական ծանուցում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցուցակը հրապարակված է կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում:

Ցուցակում ընդգրկվածները մինչև ապրիլի 19-ը՝ ժամը 17:59-ը, կարող են Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից կատարել բնակարանների ընտրությունը (առավելագույնը 20 բնակարան)՝ իրենց տրամադրված տվյալներով մուտք գործելով ծրագրի հարթակ։ Մինչև մայիսի 3-ը այլ հրամանով կսահմանվի վիճակահանության անցկացման օրը։

Հարկ է նշել, որ մինչև վիճակահանությունը հանրային ծառայողները հնարավորություն ունեն հրաժարվելու ծրագրի հետագա մասնակցությունից: Հավակնորդների ցուցակից դուրս գալու և կանխավճարի վերադարձի համար գրավոր դիմում ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանված ապրիլի 19-ը։

«Կարևոր է նախապես դիմել ցանկացած բանկ՝ վարկունակությունը գնահատելու համար, քանի որ եթե վիճակահանության արդյունքում հաղթող ճանաչվելուց հետո բանկը դիմումատուին չտրամադրի հիփոթեքային վարկ, այլևս հնարավոր չի լինի հետ ստանալ կանխավճարը: Ծրագրի շրջանակում բանկերի առաջարկներին և հետագայում ծրագրի վերաբերյալ նորություններին կարող եք ծանոթանալ կոմիտեի կայքում և կառուցապատողի կայքի «Նորություններ» բաժնում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս