Թուրքիան ուզում է գլխից վեր ցատկել, ինչը շատ վտանգավոր է տարածաշրջանային ու ներքաղաքական առումներով. Սաֆրաստյան
։ Թուրքիան իր ցուցանիշներով համարվում է միջին կարգի պետություն, բայց ամեն կերպ ձգտում է մտնել աշխարհի հզոր գերտերությունների շարքը և նույնիսկ հանդես է գալիս ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների թվաքանակն ավելացնելու կոչով, բայց այդ քաղաքականությունն իրականում չի համապատասխանում Թուրքիայի քաղաքականությանը և նման է գլխից վեր ցատկելուն, ինչը շատ վտանգավոր է թե՛ տարածաշրջանային, թե՛ ներքին քաղաքականության առումով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը մամլո ասուլիսում հայտնեց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով տարածաշրջանային զարգացումների և դրանցում Թուրքիայի դերակատարության մասին։
«Թուրքիան այսօր ունենալով լրջագույն տնտեսական խնդիրներ՝ շարունակում է մեծ ներդրումներ կատարել ռազմարդյունաբերության մեջ։ Անցյալ տարի Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան 80 տոկոսով իրեն ապահովում է ռազմարդյունաբերության արտադրանքով, ինչը ժամանակակից աշխարհի չափանիշներով բավականին մեծ ցուցանիշ է։ Թուրքիան արտադրում է զենքի տարբեր տեսակներ, ընդհուպ հզոր ռազմանավեր։ Տվյալ քաղաքականության շնորհիվ Անկարան ձգտում է ռազմական տեսանկյունից դառնալ ինքնուրույն գործոն և միևնույն ժամանակ սպասարկում է Էրդողանի կառավարության ամբիցիաները, ով ցանկանում է այդ երկիրը վերածել աշխարհաքաղաքականության մեջ որոշիչ ձայն ունեցող տերության, ինչպես նաև արտահանել ու վաճառել թուրքական ռազմարդյունաբերական արտադրանքը»,- ասաց Սաֆրաստյանը։
Նրա դիտարկմամբ՝ տվյալ քաղաքականության հիմքում նաև Էրդողանի անձնական ամբիցիաներն են, որովհետև նա իսկապես դարձել է երևույթ հարևան երկրի հասարակական կյանքում, հավանաբար երկրորդն Աթաթուրքից հետո, ով ցանկանում է բոլոր միջոցներով բարձրացնել Թուրքիայի հեղինակությունն ամբողջ աշխարհում։ Անկարան տարբեր հակամարտություններում հանդես է գալիս միջնորդական դեր ստանձնելու առաջարկով և ներկայացնում կոնֆլիկտների հանգուցալուծման տարբեր ծրագրեր, ինչը նույնպես Էրդողանի ամբիցիաների արտահայտումն է։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը դրա վառ ապացույցն է։
Անդրադառնալով մերձավորարևելյան զարգացումներին, մասնավորապես պաղեստինաիսրայելական հակամարտությանն ու այդ համատեքստում Թուրքիայի դերակատարությանը՝ Սաֆրաստյանն ընդգծեց, որ պաշտոնական Անկարան ամենախիստ ձևով դատապարտում է Իսրայելին, բայց իրականում շարունակում է պահպանել լուրջ առևտրաշրջանառությունն այդ երկրի հետ՝ նրան փոխանցելով նաև էներգակիրներ։
«Սա երկակի մոտեցում է։ Էրդողանն այստեղ նույնպես հանդես է եկել խաղաղապահ դեր ստանձնելու միջնորդությամբ, բայց ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը, այդ երկակի մոտեցումը չի ընդունվում արաբական աշխարհում, և Թուրքիային այդ պատճառով չեն վստահում։ Մի պահ եղավ, որ թուրք-իսրայելական հարաբերությունները ծայրաստիճան սրվեցին, բայց գաղտնի դիվանագիտության շնորհիվ, որն իրականացրեց հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը, հաջողվեց որոշակիորեն կարգավորել հարաբերությունները։ Այդուհանդերձ, Գազայի պատերազմը հանգեցրեց նրան, որ գոնե հրապարակային մակարդակով թուրք-իսրայելական հարաբերությունները գտնվում են ամենացածր աստիճանի վրա»,- ասաց թուրքագետը։
Խոսելով հարավկովկասյան զարգացումների մասին՝ Սաֆրաստյանը նշեց, որ վերջին շրջանում տեղի ունեցավ մեր տարածաշրջանին ու Հայաստանին առնչվող քաղաքականության անկում Թուրքիայի արտաքին նախապատվությունների սանդղակում։
«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան ավելի շատ ցանկանում է իր մեծ խաղը խաղալ համաշխարհային մակարդակով։ Այդուհանդերձ, Մերձավոր Արևելքում սրված իրադրությունը թուրքական դիվանագիտությանը ստիպում է, որպեսզի ավելի շատ ուշադրություն հատկացնի այդ ուղղությանը, իսկ Հարավային Կովկասում Անկարան հասել է իր ցանկությունների գոնե մի մասի բավարարմանը, որովհետև առաջին անգամ թուրքական բանակը գտնվում է ոչ միայն Նախիջևանում, այլև բուն Ադրբեջանում։ Թուրքական բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչները համակարգում են ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի գործունեությունը, ինչը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ ՌԴ-ի դերակատարությունը քաղաքական առումով մեր տարածաշրջանում թուլացավ։ Ներկա իրավիճակը ձեռնտու է թուրքական կողմին, ուստի հավելյալ քայլեր չի ձեռնարկում ազդեցությունը մեծացնելու համար, քանզի զբաղված է, իր ընկալմամբ, ավելի կարևոր խնդիրներով»,- ասաց բանախոսը։
Նրա կարծիքով՝ Թուրքիան սպասում է, որ Հայաստանը գնա զիջումների և ստորագրի խաղաղության պայմանագիր այն պայմաններով, որոնք առաջադրում է Ադրբեջանը, հետևաբար Անկարան առաջին պլան է մղել Բաքվին ու սպասում է, որ վերջինս հասնի իր նպատակներին։ Բանախոսի կարծիքով՝ չափազանց կարևոր հանգամանք է նաև Իրանի դիրքորոշումը։ Թեև Թուրքիան հակակրում է մեր մյուս հարևանին, մրցակցում նրա հետ, սակայն հաշվի է առնում իրանական գործոնը։ Երկու կողմերն էլ վարում են բալանսավորված քաղաքականություն՝ խուսափելով ուղիղ առճակատումից։ Հենց իրանական գործոնով է պայմանավորված նաև այն իրողությունը, որ էրդողանական Թուրքիան նախկինի պես չի պնդում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» անհապաղ բացելու և թուրք-ադրբեջանական պայմաններով շահագործելու պահանջը։
Վերլուծելով ռուս-թուրքական հարաբերությունները՝ Սաֆրաստյանը շեշտեց, որ թեև Թուրքիան ռազմավարական առումով համարվում է Արևմուտքի անբաժանելի մասը, ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է ու ՆԱՏՕ-ի ամենաակտիվ անդամներից մեկը, սակայն վերջին 6-7 տարիների ընթացքում ռուս-թուրքական հարաբերություններում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, որոնք կրում են մարտավարական բնույթ, քանի որ երկու կողմերն էլ շահագրգռված են հարաբերությունների հետագա զարգացմամբ, ինչից կարող են ստանալ և արդեն ստանում են բավականին մեծ օգուտներ։
«Թուրքիան օգնում է ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները, և դա փոխշահավետ գործարք է, քանզի 2022 թվականի ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Անկարան առաջին կես տարում ստացավ 20 միլիոն դոլար։ Դա նպաստեց նաև Հարավային Կովկասում երկու երկրների բալանսավորված քաղաքականությանը, այսինքն՝ սկսեցին միմյանց շահերը գիտակցել ու համակերպվել դրանց հետ։ Կա ևս մեկ հանգամանք, որի մասին այդքան չի խոսվում։ Թուրքիան առիթը բաց չի թողնում նաև ռուսական ազդեցությունը Սև ծովում նվազեցնելու առումով։ Անկարան փակել է Բոսֆորի նեղուցով ռազմանավերի տեղաշարժը, ինչի արդյունքում ռուսական նավատորմը զգալիորեն կրճատվել է, քանի որ Ուկրաինայի կողմից ենթարկվում է թիրախավորված խոցումների։ Թուրքիան փաստորեն թույլ չի տալիս, որ Ռուսաստանը համալրի սևծովյան իր նավատորմը, ցանկանում է, որ այն հետզհետե թուլանա և կորցնի նախկին ուժը, ինչը Թուրքիայի վաղեմի երազանքն է»,- ասաց թուրքագետը։
Սաֆրաստյանի կարծիքով՝ հարաբերությունների սառեցմամբ է թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Անկարա այդպես էլ չի կայանում, և դեռ հարց է՝ մոտ ապագայում առհասարակ կկայանա, թե ոչ։ Մոսկվայում հստակ գիտակցում են, որ թուրքական կողմը չի խորշում նաև այնպիսի քայլեր կատարելուց, որոնք ակնհայտորեն դեմ են ռուսական շահերին ու հետաքրքրություններին։
Մանվել Մարգարյան