Բաժիններ՝

ԱՄՆ-ն ապացույցներ չունի Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. Քիրբի

ԱՄՆ-ն ապացույցներ չունի այն մասին, թե Իրանը հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում օգտագործելու համար։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Ես տեղյակ չեմ որևէ կոնկրետ հաստատման մասին, որ իրանական հրթիռներ են մատակարարվում Ռուսաստանին՝ Ուկրաինայում կիրառման համար», – հայտարարել է նա՝ անդրադառնալով լրագրողի համապատասխան հարցին։

Միևնույն ժամանակ Քիրբին հերթական անգամ պնդել է, որ Իրանը շարունակում է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ռուսաստանին և նույնիսկ օգնում է Մոսկվային արտադրել իրանական նմուշի ԱԹՍ-ներ։ Քիրբին նաև հայտնել է, որ Ռուսաստանն օգտագործում է Հյուսիսային Կորեայից ձեռք բերված բալիստիկ հրթիռներ։

Ապրիլի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել էր, որ իր գործընկերոջ հետ Փարիզում կայացած հանդիպմանը «անդրադարձել են իրանական հրթիռներին, որոնք մատակարարվում են Ռուսաստանին և օգտագործվում ուկրաինացիների դեմ»։

Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, Բլինքենի պնդմամբ, «աշխատում են միասին», որպեսզի թույլ չտան Իրանի, Չինաստանի կամ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին տրամադրվող ցանկացած նման օգնություն:

Մոսկվան և Թեհրանը բազմիցս ժխտել են, որ Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքեր են մատակարարվել Ուկրաինայում կիրառման համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրություններն անվանել է ապատեղեկատվություն և ընդգծել, որ ռուսական բանակն օգտագործում է հայրենական արտադրության թռչող սարքեր։ 2022 թ․ նոյեմբերին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ հանրապետությունն ԱԹՍ-ներ է մատակարարել Ռուսաստանին, բայց փոքր քանակությամբ և ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի ամիս առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս