«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հայաստանում ես արդեն ստիպված եմ եղել մեկնաբանել ստեղծված իրավիճակը, դա, իհարկե, լավատեսություն չի ներշնչում, Հայաստանի ղեկավարությունը, միտումնավոր խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, ուղղորդում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզմանը»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ Երևանի այս պահվածքը դրսևորվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի նկատմամբ զրպարտությամբ։

Արտգործնախարարը նշել է, որ Երևանը չի նշում, որ ՀԱՊԿ-ն է, որ բազմիցս պաշտպանել է Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում և 2021 թվականին պատրաստ էր իր խաղաղապահ առաքելությունն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար։

«Վերջին մի քանի տարիների այս ողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության։

«ՀԱՊԿ առաքելության մանդատն ամբողջությամբ համաձայնեցվել էր 2021թ. աշնանը Երևանում կայացած նախարարների հանդիպման ժամանակ, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կոնսենսուսի բացակայության մասին և երկրում ԵՄ համանման առաքելություն հրավիրեց։

Հետագայում այն ​​կրկնապատկվեց, և այժմ այնտեղ են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- ասել է Լավրովը:

Սերգեյ Լավրովի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի մարտի 29-ին՝ ժամը 00:01-ին, «Իզվեստիա»-ի կայքում։

Տեսանյութեր

Լրահոս