Տասնյակ միլիոնավոր դրամների անանուն փոխանցումներ՝ «Իմ քայլը» հիմնադրամին. երևացող ու չերևացող նվիրատուների ցանկը
2018 թվականի «թավշյա» իրադարձություններից հետո՝ իշխանամուտին, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ազդարարեց «Իմ քայլը» հիմնադրամի ստեղծման մասին:
Այս հիմնադրամի նվիրատուների ցանկը շատերի ուշադրությանն ու զննող հայացքին էր արժանացել, քանի որ թափանցիկության քարոզներով ու խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կնոջ ղեկավարած հիմնադրամի ցանկում շատ էին անանուն նվիրատուները, կամ նվիրատուներ էին դարձել անձինք, որոնք հեղափոխական իշխանություններին էին քննադատել, և նրանց հանդեպ իշխանությունները սկսել էին հետապնդումներ, կամ էլ գործարարներ, որոնք նախկին իշխանությունների հովանոցը նորով փոխելու կարիք էին ունեցել:
Լրատվամիջոցները, օրինակ, չէին բացառում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամին փոխանցումներն արվում են ինչ-ինչ կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում՝ իշխանությունների հետ փոխգործակցության գնալու համար. կարճ ասած՝ պետական ռեկետ՝ «Իմ քայլի» նվիրատվությունների ճանապարհով:
Հիմնադրամի կայքէջում տեղ գտած նվիրատուների ցանկի մասին
2023-2024 թվականների նվիրատուների ցանկից տեղեկանում ենք, որ «անանուն» եղանակով խոշոր նվիրատուների շքերթը շարունակվում է: Այստեղ պետք է հրավիրել Նիկոլ Փաշինյանի թիմակից Լենա Նազարյանի ու Արայիկ Հարությունյանի ուշադրությունը, որոնք ոչ վաղ անցյալում դատի էին տվել «Երևան» հիմնադրամին՝ պարզելու, թե ովքեր են եղել հիմնադրամին 100 հազար դրամից ավելի անանուն գումարներ փոխանցած անձինք:
Ի դեպ, Արայիկ Հարությունյանն այդ ժամանակ չէր բացառել, որ այդ եղանակով նվիրատուները գործարքի են գնացել նախկին իշխանությունների հետ, օրինակ՝ սեփականաշնորհելով ավտոտնակներ:
Իսկ ահա գործող իշխանությունների օրոք «Իմ քայլը» հիմնադրամին «անանուն» տարբերակով փոխանցվել է՝ 4 000 000 ֏, 100 € , 50 000 000 ֏, 50 000 000 ֏, 800 000 ֏, 20 000 000 ֏ , 250 000 $:
Մյուս նվիրատուների մասին՝
մերձավանցի Հակոբ Հովհաննիսյանին պատկանող «Ադիբեկ» ՍՊԸ-ն՝ 80.000 դրամ, «SOS Armenie Cote d’Azur»-ը՝ 12 500 եվրո, «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը 20 միլիոն դրամաշնորհ է հատկացրել «Quanta» ծրագրին, Սուրեն Մարտիրոսյանը՝ 130.000 դրամ, Տիգրան Շահինյանին և Սևակ Օխանյանին պատկանող «ՋԻ ԹԻ Էս Սթոուն» ՍՊԸ-ն փոխանցել է 1 միլիոն դրամ, Լևոն Կռոյանի «Վակռո» ՍՊԸ-ն՝ 300 000 դրամ, Գաբրիել Չենբերջյանը՝ 50.000 դոլար, «Իմ քայլը» հիմնադրամի ԱՄՆ մասնաճյուղը՝ 70.000 հազար դոլար, ՌԱԿ Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչությունը՝ 1 միլիոն 920 000 դրամ, Մոնակոյում գործող «Երեխաներ և ապագա» ԲՀ-ն՝ 13 հազար 317 եվրո, «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը՝ 3 միլիոն 389.788 դրամ, Ներսես Սիմոնյանը՝ 5 000 դոլար, «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը մեկ այլ դրամաշնորհով ևս 50 միլիոն է հատկացրել «Quanta» ծրագրին, «Իզմիրլյան» հիմնադրամը՝ 19 միլիոն 637.500 դրամ, Օհանես Խետիմյանը՝ 3000 դոլար, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 10.000 000 դրամ, Արամ Բաղդասարյանը՝ 50.000 դրամ, Ղևոնդ Էմյանը՝ 5 միլիոն դրամ, Արմեն Ղազարյանը՝ 5 միլիոն դրամ, Արման Գրիգորյանին պատկանող Կապանում գործող «ԱՆ-ՆԱՐ» ՍՊԸ-ն՝ 10 միլիոն դրամ, Հարութ Յաղսեզյանը՝ 985 դոլար, Նաիրե Իգիթյանը՝ 100 000 դրամ, Ալբերտ Պողոսյանը՝ 25.000 դոլար:
Հիշեցնենք՝ այս տարի մարտի սկզբին բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի երկու արտահերթ նիստերից հետո հիմնադրամը տեղեկացրեց՝ Աննա Հակոբյանը նշանակվել է «Իմ քայլի» գործադիր տնօրեն:
Մինչև հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակվելը, նա սեփական դիմումի համաձայն դուրս էր եկել Հոգաբարձուների խորհրդի կազմից՝ թողել էր խորհրդի նախագահի պաշտոնը: