ՔՊ-ն ճաքել է. Փաշինյանը փորձում է կանխել հնարավոր զարգացումները՝ ՔՊ-ականների հետ հաճախակի հանդիպումներով. Բեքարյան

Դանիայի նախկին վարչապետ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որն իր հիմնադրած  «Հայաստանի բարեկամներ ցանց» խմբի ղեկավարն է, Փաշինյանի՝ դեպի Արևմուտք իրականացվող  քաղաքականությունը համարում է համարձակ։

Այս մասին ասված է Ռասմուսենի ղեկավարած խմբի զեկույցում, որտեղ, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ կա նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման անհրաժեշտությանը։

Ըստ այս զեկույցի՝ Եվրոպական Միությունը պետք է իրականացնի քայլեր՝ հաշվի առնելով Հայաստանի համար առկա խնդիրներն ու սպառնալիքները։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ հիմա պահն է, որ ԵՄ-ն համարձակ և էական աջակցություն ցուցաբերի Հայաստանի Հանրապետությանը։

«Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ցույց է տվել, որ Բաքուն այդքան էլ շահագրգռված չէ խնդիրների՝ բանակցային կարգավորմամբ: Ընդհակառակը, Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը միայն ամրապնդել է այն միտքը, որ Ադրբեջանը կրկին կարող է դիմել ռազմական տարբերակին, ուստի ԵՄ-ն պետք է վերակողմնորոշի իր ներգրավվածությունը տարածաշրջանում, որպեսզի միջնորդելու փոխարեն՝ փորձի ուժեղացնել Հայաստանի դիմադրողականությունը՝ կանխելու մեկ այլ պատերազմ»,- նշված է զեկույցում։

Կարդացեք նաև

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը, անդրադառնալով վերը նշված զեկույցին, նախ կոչ արեց հիշել, որ խոսքն այս դեպքում ՆԱՏՕ-ի  պաշտոնաթող գլխավոր քարտուղարի և նրա նման նախկին պաշտոնյաների   գրած մի զեկույցի մասին է, ուստի  պետք է հիշե՛լ՝ այն գրել են մարդիկ, որոնք Հայաստանի Կառավարությանը որոշակի գումարի դիմաց մատուցում են որոշակի ծառայություններ։

Նշենք, որ Եվրոպական հանձնաժողովի Թափանցիկության ռեգիստրում տեղադրված է տեղեկատվություն «Ռասմուսեն գլոբալ» կազմակերպության ֆինանսական տարվա հաշվետվության  մասին, որտեղ կազմակերպության այս տարվա հաճախորդների ցանկում ներառված է նաև Հայաստանի Հանրապետությունը, իսկ տարվա կտրվածքով կազմակերպության եկամուտը կազմում է 150,000-399,999 եվրո, այսինքն՝ այս եկամուտը «Ռասմուսեն գլոբալ»-ը ստանալու է 7 հաճախորդից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից:

«Սա  լոբբիստական կազմակերպություն է, որի հետ Հայաստանի այս իշխանությունն աշխատում է և վճարում գումար՝ որոշակի ծառայությունների դիմաց, հետևապես,  հակված եմ լսել ոչ թե ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին, այլ գործողին, որի տարածաշրջանային վերջին այցը շատ բաների մասին էր խոսում»,- ասաց Բեքարյանը՝ հիշեցնելով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր  քարտուղար  Ստոլտենբերգն Ադրբեջանում ոչ մի բառ չասաց, որ ինքը գտնվում է մի երկրում, որն իրականացրել է ագրեսիա Հայաստանի տարածքների նկատմամբ, չասաց, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իրականացնում է հարկադրանքի քաղաքականություն, ավելին՝ ոչ մի բառ չասաց Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին, ընդհակառակը,  գովերգեց Ադրբեջանի և Թուրքիայի սերտ համագործակցությունը, ապա եկավ  Հայաստան՝ ընդամենը Փաշինյանին ասելու՝ հիացած է  նրանով։

Ինչ վերաբերում է հայաստանյան այն շրջանակներին, որոնք Հայաստանի սահմանների ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի պարագայում անվտանգության ապահովում են սպասում՝ ինչպես  ՆԱՏՕ-ից, այնպես էլ՝ Եվրամիությունից, ապա, ըստ Կարեն Բեքարյանի, այստեղ էլ պետք է հստակ հասկանալ՝ նման քարոզ անողներն ի՞նչ կապ ունեին հայկական շահի հետ։

«Հայաստանից ցանկանում են ստանալ Ուկրաինա՞, թե՞  Սիրիա։ Ես կասկածում եմ, որ հայաստանյան այդ շրջանակներին հուզում է Հայաստանի ապագան, իսկ գուցե այս մարդիկ  Ռասմուսենի տարբերա՞կն են՝ Հայաստանի ներսում»,- տեսակետ հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահը՝ շեշտելով՝ Արևմուտքին պետք է ոչ թե Հայաստանի անվտանգության ապահովում, այլ խաղաղության պայմանագրի կնքում՝ անկախ նրանից, թե Հայաստանը քանի՞ քառակուսի կիլոմետրով կլինի։

«Նրանց պետք է րոպե առաջ հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը, և իրենց  հետաքրքիր էլ չէ, թե Հայաստանն ի՞նչ տարածքով կմնա։ Արևմուտքն ասում է՝ պրծեք, որդ ում ինչ տալիս եք, տվեք, հասեք պայմանագրին, իսկ տվողը Հայաստանն է։ Հաջորդ փուլում Արևմուտքը դնելու է խնդիր՝ չունենալ հարցեր Թուրքիայի հետ, իսկ թե ինչե՞ր է պարտադրելու ՆԱՏՕ-ի անդամ Թուքրիան, ի՞նչ ենք տալու, ինչքա՞ն ենք տալու, կարծում եմ՝ պարզ է։ Այնպես որ, Փաշինյանն ընդամենը ցանկություններ բավարարող է։ Փաշինյանը գնում է իր և իր ընտանիքի անվտանգությունը՝ իշխանություն լինելով, ապահովելու ճանապարհով, գիտի, որ իշխանության կարող է մնալ  Արևմուտքի երկարատև պլաններն իրագործելու ճանապարհով գնալու դեպքում։ Ավելին՝ տեսնում է ՔՊ-ի ներսի ճաքերը, դրա համար է նրանց հետ հաճախ հանդիպելով՝ փորձում  է կանխել հնարավոր զարգացումները»,- խոսքը եզրափակեց Բեքարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս