Հանրապետականը հենց հիմա էլ պատրաստ է, բայց պետք է այնպես անել, որ շարժումը չտապալվի. Արտակ Զաքարյան
Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ երկիրն այսօր օրհասական վիճակում է, և դրա մասին բազմիցս ասվել է, դրա մասին նաև ՀՀ երրորդ նախագահն է խոսել լրատվամիջոցների հետ, բավականին բաց ու անկաշկանդ զրույցներ եղել են։
«Կարծում եմ՝ առաջիկայում էլ կլինեն՝ ըստ անհրաժեշտության։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, կոչվում է դավաճանական, կապիտուլյացիոն գծի շարունակություն, ՀՀ պետականության պաշարների հերթական սպառում, անվտանգային միջավայրի ջախջախում։ Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը շատ լավ հասկանում է, թե ինչից է բաղկացած անվտանգությունը։ Նիկոլը բոլոր այդ բաղկացուցիչները շատ հաջողությամբ, մեր բոլորի, ժողովրդի լուռ համաձայնությամբ, իր դավաճանական թիմի ակտիվ աջակցությամբ՝ ուղղակի համոզելով, ոստիկանական բռնի ճնշումներ գործադրելով, խաբելով, մանիպուլացնելով, շանտաժ անելով՝ փորձում է ամբողջովին քայքայել»,- Պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արտակ Զաքարյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ երեկ Նորքում տեղի ունեցած զինված հարձակման ու 2016 թվականի ՊՊԾ գնդի գրավման մեջ հասարակությունը նմանություններ է տեսնում, Արտակ Զաքարյանը նկատեց՝ 2016 թվականը 2024 թվականի հետ որևէ առնչություն ունենալ չի կարող անվտանգային տեսանկյունից։
«Մեկ նմանություն կա, որ երկուսն էլ նահանջ տարիներ են, մնացած ոչ մի բանով նման չեն»,- նշեց Ա. Զաքրայանը։
Հաջորդ հարցին՝ ընդունելի՞ է իշխանությունների թեզը, որ եթե տարածքներ չտան, պատերազմ կլինի, և նման կերպ վախեցնել ժողովրդին, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ ընդունելի չէ, դա շանտաժ է սեփական ժողովրդի նկատմամբ։
«Եթե նման բան ասեր որևէ փորձագետ, կասեինք, որ փորձում է ներկայացնել, թե այլընտրանքային սցենարներն ուր կարող են հասցնել, բայց դրա մասին խոսում է ՀՀ կառավարության ղեկավարը, որն ի պաշտոնե յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության երաշխավորն է։ Սա մի բան է նշանակում՝ ինքն ասում է՝ ինձ վրա հույս չդնենք, ես ձեր կյանքի, անվտանգության, ապագայի վրա թքած ունեմ, այս հողը պետք է տաք, թե չէ պատերազմ է լինելու։ Ինքը չի էլ ասում, որ մենք ստիպված պետք է լինենք պատրաստվել պատերազմի, կամ՝ մեր այլընտրանքը պատերազմն է, որի միջոցով մենք կկարողանանք պաշտպանել մեր ինքնությունը, պետականությունը, չի ասում՝ այդ ճանապարհը որ մեր ձեռքից վերցնեն, կիսով չափ են դառնալու մեր ռազմավարական հաղորդակցությունները»,- շեշտեց Արտակ Զաքարյանը։
Նա ընդգծեց՝ օր առաջ պետք է վռնդել օրվա իշխանություններին՝ ոտքի կանգնելով։ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է գան այն եզրահանգման և, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ արձանագրեն մեկ փաստ՝ յուրաքանչյուրից է կախված ճակատագիրը։
«Հանրապետական կուսակցությունը պատրաստ է, հենց հիմա, հենց այս պահին էլ պատրաստ է։ Պետք է վստահ լինենք, որ հերթական անգամ ոստիկանության հետ բախումը չի լինելու, նորից՝ բռնաճնշումներ, և դրանով շարժումը նորից նմանվի նախորդ շարժումներին»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է։ Հանրապետական կուսակցության անդամները՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էին Պանթեոն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում