«Փաշինյանը ՀՀ-ն թուլացրել է, ՀՀ գործընկերային հարաբերությունները փչացրել է, որ ասի՝ մենակ ենք մնացել, մեզ օգնող չկա, եկեք ամեն ինչ հանձնենք». Դերզյան

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հայկ Դերզյանն ասաց, որ մարտի 18-ին Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթն իրեն հիշեցրել է 90-ականներին ադրբեջանցի զինվորների «ռուպրներով» կոչերը, երբ արցախցիներին կոչ էին անում լքել իրենց բնակավայրերը։

«Մենք գործ ունենք Հայաստանի շահերը բացարձակ չպաշտպանող, Ադրբեջանի շահերն առաջ տանող մի երևույթի հետ, որն այս պահին գտնվում է ՀՀ կառավարման ղեկին։ Որպեսզի հասկանանք, թե այսպես շարունակվելու դեպքում ինչ է լինելու, եկեք վերհիշենք այն գործընթացները, որոնց միջով մենք անցել ենք։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչում էր հետևյալ թեզը, թե դա ստորագրել է, որպեսզի խուսափի պատերազմից, այսքան մարդու կյանք է փրկել, և այլն։ Արդյունքում մենք տեսանք, որ որևէ բան չպահպանվեց։ Դրան հաջորդեց թշնամու կողմից ՀՀ սուվերեն տարածքի խախտումը, տեսանք 2022 թվականի սեպտեմբերի դեպքերը, այսինքն՝ թշնամին իր ագրեսիան շարունակում է»,- հիշեցրեց Հայկ Դերզյանը։

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ, այսօր Ադրբեջանի իշխանությունն իր հանրությանը հրամցնում է այն թեզը, որ վերցրել են Արցախը, հաջորդը լինելու է Հայաստանը։ Իսկ Հայաստանի իշխանությունն ի՞նչ է ասում, ասում է, թե չգիտի՝ ՀՀ տարածքն ինչքան է, ու կարող է հանկարծ մի օր ասի, թե՝ եկեք Սևանը տանք, որովհետև թշնամին պատերազմ է սկսելու։

«Տեսեք՝ ինչ նմանություն կա Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև՝ երկուսն էլ հայ ժողովրդին սպառնում են պատերազմով։ Նիկոլ Փաշինյանը երեկ Տավուշում Հայաստանին սպառնում էր պատերազմով, Ալիևը երկար տարիներ նույնն է անում։ Այս ամենի կոնցեպտն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները համատեղ սպասարկում են հակահայկական՝ պրոադրբեջանական օրակարգ»,- շեշտեց Հ. Դերզյանը։

Ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր զրուցակիցը հարց բարձրացրեց, թե Հայաստանն ո՞ւմ վրա է իր հույսը դրել, հատկապես այն դեպքում, երբ հարաբերությունները վատացնում է սեփական դաշնակիցների հետ։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հարձակումների մասին։ Ավելին՝ դաշնակիցների հետ հարաբերությունները վատացնելու ֆոնին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար Եվրոպայից ու այլ երկրներից չի ստանում անվտանգության երաշխիքներ։

«Ո՞ւմ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի, ժողովրդավարության, այսօր ժողովրդավարական արժեքներով որևէ մեկը չի հաղթում։ Իսկ Եվրոպան այսօր Հայաստանի հետ աշխատելու է Թուրքիայի միջոցով, իսկ Թուրքիան ռազմականացման նոր բալանսի է գնում։ Թուրքիան է ասել, որ Շուշիի համաձայնագիրն իրենց նոր սահմանադրությունն է Ադրբեջանի հետ։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ամբողջովին թուլացրել է, Հայաստանի գործընկերային հարաբերությունները փչացրել է և նոր երկրների հետ գործընկերային հարաբերություններ չի ստեղծել, որպեսզի ասի, թե՝ մենք մենակ ենք մնացել, մեզ օգնող չկա, ու եկեք ամեն ինչ հանձնենք։

Հայաստանը նման տեմպերով գոյություն չի ունենա, Նիկոլ Փաշինյանը պետականություն ու ինքնիշխանություն ունեցող ազգին փորձում է սարքել ցեղախումբ։ Եթե վաղը պատերազմ լինի, ՀՀ իշխանությունը ժողովրդին անտեր է թողնելու, այս ամենն ունի մեկ լուծում՝ Նիկոլ Փաշինյանի և իր ողջ իշխանության փոփոխությունն է, դրա համար արդեն ճանապարհն էլ հետաքրքիր չէ, թե ինչ ճանապարհով, նրանք պետք է հեռացվեն՝ լինի խորհրդարանում, լինի փողոցը խորհրդարանի հետ զուգորդելով։ Մենք կորցնում ենք պետականություն, և հստակ հայտարարում եմ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներկայացնելու որևէ բարոյական իրավունք չունի։ Ինձ ցույց տվեք մեկ իշխանություն, որն այս իշխանությունների նման իր ժողովրդին վախեցնում է, որ պետք է տարածքներ հանձնի, որ թշնամին պատերազմ չսկսի»,- ընդգծեց ՀՀԿ խորհրդի անդամը։

Հայկ Դերզյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում պետք է իրականացնել հետևյալ գործողությունները՝ հեռացնել ներկայիս իշխանություններին և բերել ազգային իշխանությունների, որոնք կստանձնեն պատասխանատվություն։ Նորմալ ու գործընկերային հարաբերություններ հաստատել այն պետությունների հետ, որոնցից Հայաստանը կարող է ունենալ ինչ-որ ակնկալիք։

«ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր քաղաքացի, բացի այդ կապույտ անձնագրից, ունի մանդատ իր ապագան որոշելու համար։ Այդ անձնագիրը տրված չէ միայն ընտրությունների գնալու համար։ Եթե իրենք մտածում են, թե որևէ փրկիչ գալու է միայնակ բոլորին հեռացնի, այդպես չի լինելու։ Հիմա մենք պատմության առաջ թեստ ենք հանձնում՝ շարքային քաղաքացուց սկսած՝ մինչև տարբեր «էլիտաներ», մենք արդյո՞ք իրավունք ունենք ժողովրդից ազգ լինելու, իրավունք ունե՞նք պետականություն ունենալու, սա միայն երգերով չէ։ Հիմա պրակտիկ պետք է ապացուցենք, որ մենք իրավունք ունենք պետություն ունենալու։ Այո, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ կյանքը ստիպում է պայքարել ներքին ու արտաքին թշնամու դեմ։ Կրկնում եմ, ցանկացած քաղաքացի պետք է դուրս գա ու հայտնի իր դիրքորոշումը, այնպես, ինչպես ընտրությունների ժամանակ»,- եզրափակեց Հայկ Դերզյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս