Տավուշից գյուղեր հանձնեցին թե չէ, Ալիևը դրանք կդարձնի ռազմական հենակետեր. առաջնագիծ կդառնա Լոռու մարզը. Սեյրան Օհանյան
Ադրբեջանում և Վրաստանում իր տարածաշրջանային այցերն ավարտած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին ժամանեց Հայաստան։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ կառույցն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին՝ միևնույն ժամանակ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնել համաձայնության, քանի որ ավելի վտանգավոր աշխարհի առջև ենք։ Իր հերթին՝ Փաշինյանը ներկայացրեց ՆԱՏՕ-ից Հայաստանի սպասելիքները՝ ընդգծելով՝ ակնկալում են ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խոսելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կոչերի և այդ կառույցից Փաշինյանի սպասելիքների մասին՝ ընդգծեց՝ այս պաշտոնյայի այցը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման համատեքստում՝ հստակ իմանալով՝ այս այցը պայմանավորված է Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հրամայականով։
«Հայաստանի իշխանությունը փորձում է ցույց տալ, թե արևմտամետ է, մոտ ժողովրդավարական երկրներին, և այս առումով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի նպատակն է տարածաշրջանային երկրներին քաշել ՆԱՏՕ-ի կողմ, իսկ իրականում Հայաստանը դարձնում են այլ երկրների շահերի բախման ռազմադաշտ, իսկ դա նշանակում է, որ այդ քաղաքականությունը չի բերելու այս տարածաշրջանում խաղաղության»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նրա դիտարկմամբ՝ իրականում Հայաստանի իշխանությունը խաբում է հայ ժողովրդին՝ նրան հրամցնելով խաղաղության կեղծ թեզը, և բերում է պատերազմ հայ ժողովրդի գլխին։
«Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե ադրբեջանական զորքը գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ Ադրբեջանի նախագահը շարունակում է ռազմական հռետորաբանությունը»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով՝ Տավուշի մարզից 4 գյուղն էլ եթե հանձնի, միևնույն է՝ Ալիևը կանգ չի առնելու, իսկ նրան կանգնեցնելու համար անհրաժեշտ է, որ Փաշինյանը և նրա թիմը գնան այլ օրակարգով՝ ձեռք բերեն անվտանգային երաշխիքներ, իսկ դա չեն կարող անել, քանի որ փչացրել են հարաբերությունները՝ ինչպես ունեցած միակ դաշնակցի, այնպես էլ՝ ոչ դաշնակից երկրների հետ։
«Եթե ոչ Հայաստանի մասնատում, ապա կտեսնենք, որ օղակը Հայաստանի շուրջ գնալով սեղմվում է։ Տավուշի գյուղերը հանձնելուց հետո զորքի հետքաշումն էլ ավելի կբարդացնի Հայաստանի կտրված սահմանների վիճակը, սահմանային կդառնա Լոռու մարզը։ Ադրբեջանը հանձնված գյուղերը կդարձնի ռազմական հենակետեր և Հայաստանի շուրջ օղակը սեղմելու գործն ավելի դյուրին կդարձնի»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։