«Թող ուրիշ տեղով տանեն»․ Ոսկեպարի բնակիչները՝ Տավուշում հնարավոր սահմանազատման մասին

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Տավուշում սահմանազատման հնարավոր մեկնարկի մասին տագնապ է առաջացրել որոշ սահմանամերձ գյուղերում․ խորհրդային սահմանների վերականգնման արդյունքում Ադրբեջանի ԶՈւ-ն կարող է հայտնվել անմիջականորեն նրանց կողքին։ Այս մասին գրում է «ԱրմենիաՍպուտնիկ»-ը։

Փաշինյանի հայտարարությունը հնչել է մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ․ Երևանը նախատեսում է նոր ճանապարհահատվածներ կառուցել նրանց փոխարեն, որոնք դուրս են գալիս Հայկական ԽՍՀ սահմաններից։ Մասնավորապես, նա նշել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտ Երևան-Թբիլիսի ճանապարհահատվածը։

Ընդհանուր առմամբ, Փաշինյանի խոսքով, ԽՍՀՄ փլուզումից հետո ամրագրված սահմանները հաստատվել են Ալմա Աթայի հռչակագրում և Պրահայի համաձայնագրում՝ որպես երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունման հիմք։

Ոսկեպար

Փաշինյանի հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել գյուղում․ խորհրդային սահմաններին վերադառնալու դեպքում սահմանն անցնելու է գյուղի ծայրամասով։

Բնակիչները սպասում են Փաշինյանի այցին և նրա պարզաբանումներին (Փաշինյանը նույն մամուլի ասուլիսի ժամանակ խոստացել է այցելել Տավուշ)։

Իսկ ահա լրագրողների հետ գյուղացիները դժկամությամբ են շփվում, չեն ուզում ձայնագրվել կամ տեսախցիկի առաջ խոսել։ Բայց չեն թաքցնում իրենց դժգոհությունը։

«Թող այստեղ սահմանն ինչպես կա, նույն ձև թողնեն։ Ուրիշ տեղ ճշգրտում են՝ ճշգրտեն։ Եթե թուրքերը (ադրբեջանցիները,– խմբ․) ասում են, որ իրենք ոչինչ չեն վերադարձնելու, էլ ի՞նչ ճշտում», – ասում է տղամարդկանցից մեկը։

Նրա կարծիքով՝ ներկա իրավիճակում պետք է մի բան հիշել․ քանի դեռ դու թույլ ես, քեզ հետ հաշվի չեն նստի։ Տղամարդը ելքը տեսնում է պաշտպանունակության ուժեղացման մեջ։

«Եթե կարողանանք, ապա դա կլինի մեր փրկությունը, եթե ոչ՝ ոչ»։

Մյուսն ասում է, որ հարցը վերաբերում է ոչ միայն Ոսկեպարին և Տավուշի մարզին։ Դա համայն հայության խնդիրն է՝ լինեն նրանք Երևանում, թե այլ վայրում։
Նրա խոսքով՝ չի կարելի մշտապես զիջել և ընկրկել։ Հիմա Ադրբեջանը 4 «գյուղ» է ուզում, հետո էլի կուզի։ Եթե Բաքուն հրաժարվում է վերադարձնել օկուպացված տարածքները, ապա Հայաստանը չպետք է ոչինչ զիջի։

«Եթե մենք կորցնում ենք նաև Վերին Ոսկեպարը (նախկին անկլավ), ապա դրան կհետևեն Լորուտի, Շամուտի սարերը (բնակավայրեր Լոռու մարզում)։ Այսինքն` դրանք նույնպես սահմանամերձ են դառնում», – ասում է մեկ այլ բնակիչ։

Հարցը հատկապես սուր է դրված Ոսկեպարի ծայրամասում գտնվող երկու տների բնակիչների համար։ Նրանք խորհրդային սահմանով Վրաստան տանող ճանապարհի մի հատվածի հետ միասին հայտնվում են Հայաստանի սահմաններից դուրս թե՛ Google քարտեզով, թե՛ Հայաստանի Կադաստրի կոմիտեի։

Մենք մանրամասն գրել ենք փաստաթղթերի հետ կապված խնդիրների մասին դեռ 2022թ․-ին։ Այս անգամ բնակիչներից մեկը հրաժարվեց մեկնաբանությունից մինչև իշխանությունների կողմից պարզաբանում ստանալը։

Երկրորդ տան բնակիչները նույնպես առաջարկեցին խոսել գյուղապետի հետ։ 2021թ․-ին, երբ «անկլավների» հարցը կրկին ակտիվորեն քննարկվում էր, նրանք չգիտեին՝ արժե արդյոք վերանորոգում սկսել։ Եվ ամեն դեպքում սկսել էին այն, իսկ հիմա չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում։

Գյուղապետ Իշխան Աղբալյանը նույնպես չգիտի ինչ սպասել Փաշինյանի հայտարարությունից հետո։

«Ես լսել եմ վարչապետի ելույթը, բայց այդ ամենը մանրամասն պարզաբանումներ է պահանջում։ Տեղում պետք է նայել, թե որ մասն են տալու, որն է մնալու, ինչքան են գալու (Ադրբեջանի ԶՈւ–ն,–խմբ.)։ Մենք կարևոր միջպետական ճանապարհ ունենք, և, Աստված չանի` պարզվի, որ ճանապարհն էլ հետն է տրվում», – ասաց Աղբալյանը մեզ հետ զրույցում։
Նա ուշադրություն դարձրեց Փաշինյանի այն խոսքերին, որ մտադիր է գալ և հանդիպել գյուղացիների հետ, քննարկել իրավիճակը։ Այդ ժամանակ էլ կհասկանան և կբարձրացնեն իրենց հետաքրքրող հարցերը։

«Շատ հարցեր կան։ Քչերն են պատկերացնում, թե ինչի կհանգեցնի այդ տարածքի հանձնումը։ Իմ կարծիքով՝ ամենաճիշտ տարբերակը երևի փոխանակումը կլինի։ Որովհետև մենք էլ ահագին տարածքներ ունենք ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Երևի դա լավագույն տարբերակը կլինի, մանավանդ Տավուշի մարզում՝ հանձինս Ոսկեպարի», – ասաց Աղբալյանը։

Ի դեպ, բնակիչներից մեկը հայտնեց մեզ, որ մի քանի օր առաջ իշխանության ներկայացուցիչները եկել են և դրոնով նկարել խնդրահարույց ճանապարհահատվածը․ նույնը եղել է նաև 2021թ․-ին։

Կիրանց

Խորհրդային սահմաններին վերադառնալու դեպքում ճանապարհի հետ խնդիրներ կարող են առաջանալ ոչ միայն Ոսկեպարում։

Կիրանց գյուղի մոտ գտնվող կամուրջը նույնպես գտնվում է նախկին սահմանի հատվածում։ Ըստ Google քարտեզի` կամուրջը, ինչպես նաև 100 մետր արևմուտք (ձախ) ընկած հողերը գտնվել են Ադրբեջանում։

Հայաստանի Կադաստրի կոմտեի քարտեզն իր հերթին ցույց է տալիս, որ խորհրդային սահմանն անցնում է կամրջի եզրով։ Ավելին, կամրջից արևելք ընկած հատվածը նույնպես պատկանում է Հայաստանին։

Գյուղի բնակիչները նշում են, որ ԽՍՀՄ-ի օրոք կամուրջը պատկանել է հայկական կողմին։

«Ծայրամասի տան սենյակներից մեկը իրանց GPS-ով իբր թե իրենցն էր։ Բայց Սովետի ժամանակ նման բան չի եղել», – ասաց բնակիչներից մեկը՝ Հայկը։

Իսկ կամրջից ձախ ընկած հատվածը գյուղի բնակիչները մշակել են թե՛ խորհրդային շրջանում, թե՛ հիմա։ Այն երբեք չի պատկանել Ադրբեջանին։

Հիմա Ադրբեջանի ԶՈւ–ի դիրքերը բավական հեռու են Կիրանցից։ Իսկ այն տարածքները, որոնք Բաքուն պնդում է հանձնել, գյուղին բավականին մոտ են։

Հայկի խոսքով՝ բոլոր այդ տարածքները պատկանել են Հայաստանին, բայց դրանք խորհրդային շրջանում կտոր-կտոր հանձնել են Ադրբեջանին։

Նշենք, որ Կիրանց և Ոսկեպար գյուղերի միջև ճանապարհին մենք նկատեցինք շինարարական տեխնիկա. նոր ճանապարհ է կառուցվում։

Այն հարցին, թե արդյոք ճանապարհը կառուցվում է Փաշինյանի հայտարարությունների ֆոնին, մեզ ընդառաջ եկած մարդիկ բացասական պատասխան տվեցին՝ հայտնելով, որ ճանապարհ են կառուցում մինչ այս չօգտագործված դաշտերի համար։

Տեսանյութեր

Լրահոս