Ինչո՞ւ հանկարծ հրաժարականի դիմում ներկայացրեց Ախուրյանի համայնքապետը, ո՞ւմ և ինչո՞վ են սպառնացել ՔՊ-ականները

Հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ Ախուրյանի համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Ազգային ժողովում (ԱԺ) Շիրակի մարզը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

«Ի հեճուկս վերջին օրերին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի դաշնակցական ղեկավարի և համայնքի ղեկավարի դաշնակցական առաջին տեղակալի այն պնդումներին, որ Ախուրյան համայնքում կառավարման ճգնաժամ չկա՝ այսօր Ախուրյան համայնքի դաշնակցական ղեկավար Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Մի առիթով ասել էի` կապրենք, կտեսնենք»,- գրել էր Սարուխանյանը։

Կարդացեք նաև

Նշենք, որ որպես իր հրաժարականի պատճառ՝ Ախուրյանն արդեն 27 տարի ղեկավարող ՀՅԴ-ական Իգիթյանը նշել էր առողջական խնդիրները։ «Ազատության» հարցին ի պատասխան՝ սակայն, իր հրաժարականից առաջ Արծրունի Իգիթյանն ասել էր, որ հրաժարական չի տվել, սակայն «արդեն տարուց ավելի է՝ փորձում են իշխանությունն իրենից վերցնել»։ Շիրակի ՔՊ-ական մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ չէր հերքել, որ իշխող ուժն Ախուրյանում իշխանափոխության է գնում։

Այն, որ ՔՊ-ական իշխանությունն անգամ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) մակարդակում չի հանդուրժում այլ քաղաքական ուժի կամ անհատի ներկայություն, ակնհայտ դարձավ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շուրջ գործընթացներից հետո: Վերջինս մինչև հիմա կալանավորված է: Բայց, որ այնքան հեռուն կգնան, որ համայնքապետին իր պաշտոնից հրաժարվել ստիպելու համար կդիմեն կոնկրետ ահաբեկումների ու բռնության, դժվար էր պատկերացնել, թեպետ այս իշխանությունների պարագայում ոչնչից պետք չէ զարմանալ: Երբ իշխանությունը չի ունենում կարմիր գծեր, ադեկվատ վարքագիծ ակնկալելն առնվազն միամտություն է:

168.am-ի՝ Շիրակի մարզի աղբյուրների փոխանցմամբ՝ Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանին «գործուն ստիպել են» հրաժարական տալ. Շիրակի մարզում բավականին հայտնի, ծագումով ախուրյանցի գործարար Արտակ Ադամյանը բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ:

Ի դեպ, նույն Արտակ Ադամյանի ներկայացուցիչները, 2021թ. դեկտեմբերին եղել են Արծրունի Իգիթյանի ձևավորած դաշինքի ավագանու թեկնածուներ: Հենց այս անձինք են ներկայումս դուրս եկել դաշինքից ու սատարում են ՔՊ-ականներին:

Մեզ ասացին՝ հետագայում կռվի վերածված վեճի պատճառը եղել է այն, որ Արծրունի Իգիթյանը չի ցանկացել հրաժարականի դիմում ներկայացնել:

«Բայց ախուրյանցի գործարարին ու նրա հորը՝ հայտնի գործարար Արամ Ադամյանին, ՔՊ-ականներն ասել են՝ եթե Արտակ Ադամյանի ներկայացուցիչները դեմ չգնան Արծրուն Իգիթյանին և չկարողանան հասնել նրա հրաժարականին, քրեական գործ կհարուցվի հոր և որդու դեմ, ովքեր մարզում ճանապարհաշինական խոշոր ծրագրեր են իրականացնում»,- սպառնալիքների մասին պատմեց Շիրակի մարզի մեր աղբյուրը:

168.am-ի տեղեկություններով՝ վերոնշյալ կռիվը միակը չի եղել Արծրուն Իգիթյանի և Արտակ Ադամյանի միջև. հրաժարականի թեմայով բավականին «բուռն» զրույց էլի է եղել նրանց միջև:

Քննչական կոմիտեից (ՔԿ), սակայն, ի պատասխան մեր հարցի՝ ասացին՝ «ՔԿ Շիրակի մարզային վարչությունում Ախուրյանում նման դեպքի վերաբերյալ որևէ հաղորդում չի ստացվել, և, բնականաբար, վարույթ չկա նախաձեռնված»:

Մենք փորձեցինք Արծրունի Իգիթյանից ճշտել՝ ինչ է տեղի ունեցել ամեն դեպքում, և ինչո՞ւ ինքը հաղորդում չի ներկայացրել հանցագործության մասին, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

ՔՊ-ականների ծրագիրը փաստորեն իրականացավ. Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում ներկայացրեց՝ ճանապարհ բացելով ՔՊ-ի թեկնածու, «Ախուրյան ԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն Զավեն Մանուկյանի համար: Վերջինիս մայրը՝ Լիլյա Մանուկյանը, նախկինում հաշմանդամության կարգ տվող հանձնաժողովի ղեկավարներից է եղել, հայրը՝ մարզում շատ հայտնի դատավոր:

Ի դեպ, Արծրունի Իգիթյանի հրաժարականից հետո «Հրապարակի» հետ զրույցում Ախուրյանի փոխհամայնքապետ, դաշնակցական Կարեն Արշակյանն ասել էր.

«Ինձ համար լրիվ անակնկալ էր, չեմ տեսել իրեն, չենք խոսել, միայն գիտեմ, որ երեկ երեկոյան ժամը 17:00-ից հետո դիմումը ներկայացրել է, մուտքագրվել է, չգիտեմ՝ ինչու համար է անակնկալ կերպով հրաժարական ներկայացրել, այս պահին բոլորս էլ զարմացած ենք, իրոք պատճառների մասին չեմ կարող ասել»:

Այսինքն՝ Արծրունի Իգիթյանի հրաժարականն անակնկալ է եղել անգամ իր կուսակիցների համար: Ակնհայտ է, որ ինչ-որ ֆորսմաժորային հանգամանք նպաստել է համայնքապետի հրաժարականին, ով իր հրաժարականից ընդամենը օրեր առաջ հայտարարում էր, որ ՔՊ-ին ոչինչ չի հաջողվելու, իր դաշինքի անդամները միասնական են ու մարտական տրամադրված: Փաստորեն այնքան էլ մարտական չէին տրամադրված:

Տեսանյութեր

Լրահոս