«Հարցն ուղղեք Միացյալ Թագավորության պաշտոնյաներին». ԱԳ փոխնախարարը չմեկնաբանեց Մեծ Բրիտանիայի ՊՆ հայտարարությունը
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ հայկական կողմը բարձրաձայնել է իր ցանկությունը՝ մերձենալու ԵՄ-ի հետ, այնքան, ինչքան դա հնարավոր է։
«Մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ երբեք նման ինտենսիվ մակարդակի չի եղել, բնական է, որ մեր առջև բոլոր հնարավոր տարբերակները քննարկման են։ Իհարկե, այդ գործընթացը մենք տանում ենք ԵՄ-ի հետ համատեղ, և ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ շահերից բխող բոլոր որոշումները կընդունվեն անհրաժեշտության դեպքում»,- շեշտեց Պ. Հովհաննիսյանը։
ԱԳ փոխնախարարը չհստակեցրեց՝ օրակարգում ԵՄ-ին անդամակցելու հարց կա՞, թե՞ ոչ, նշելով, որ հարցին արդեն պատասխանել է։
«Այս պահին այն է, ինչի մասին արդեն ասացի»,- հավելեց նա։
Փոխնախարարը նաև տեղեկացրեց՝ այս պահին քննարկում են այն բոլոր տարբերակները, որոնք կնպաստեն ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը, զարգացմանը, տնտեսության դիվերսիֆիկացիային և մի շարք այլ հարցերի։ Բոլոր հարցերը դիտում ենք միայն այդ տեսանկյունից, և մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ միայն համատեղում ենք մեր ազգային շահերի հետ»,- ընդգծեց նա։
Պարույր Հովհաննիսյանը նաև չմեկնաբանեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանից եկող սպառնալիքների դեպքում, հորդորելով այդ հարցն ուղղել Միացյալ Թագավորության պաշտոնյաներին։
Նա նաև չպատասխանեց հարցին, թե ՌԴ-ից ՀՀ-ին ինչ վտանգ կարող է սպառնալ, կրկին նշելով, որ հարցը պետք է ուղղել Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներին։