Երիտասարդ մնալու համար որոշեցի սովորել. ԳԱԱ 68-ամյա ուսանողն ավարտելուց հետո ուզում է աշխատել
«Ուսումը երիտասարդացնում է, մարդն իր տարիքը չպետք է զգա»,- վստահ է ԳԱԱ 68-ամյա մագիստրոս Սուսաննա Ճուղուրյանը:
– 67 տարեկանում ընդունվեցիք ԳԱԱ կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի բաժին: Ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք թոշակառու դառնալուց հետո:
– Կլինիկական հոգեբան և ընդհանրապես բժիշկ դառնալու ցանկությունը եղել է վաղուց, բայց իմ երազանքներն իրենց նպատակին չհասան այդ տարիներին, ու երբ դարձա 67 տարեկան, անակնկալ միտք առաջացավ ինձ մոտ, թե ինչո՞ւ չեմ կարող շարունակել իմ ուսումը: Իմացա, որ ԳԱԱ-ն առանց տարիքային տարբերակման՝ ընդունում է 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց: Մոտիվացվեցի և դիմեցի:
– Թե՞ ամեն դեպքում կար այն միտքը, որ անընդհատ ուղեղը պետք է աշխատի, որպեսզի երիտասարդ մնաք:
– Մոտիվացիայի մյուս աղբյուրն այն էր, որ ես գիտեմ՝ մարդը երբ իր ուղեղի հնարավորությունները չի օգտագործում, վաղաժամ ծերություն է ստանում, այդ իսկ պատճառով միշտ երիտասարդ մնալու համար ընտրեցի սովորելու այդ տարբերակը: Սովորում եմ մեծ սիրով: Ընդունվել եմ առկա ուսուցման համակարգ, ամեն օր գնում եմ դասի, բացակայություններ չեմ ունեցել: Ընդունվել եմ վճարովի հիմունքներով, բայց իմ ուսման առաջադիմության շնորհիվ անցել եմ անվճարի:
Գիտեք, տարիքը թվերի հաջորդականություն է, կապ ունեն մարդու մտածելակերպը, զգացմունքները: Անկախ տարիքից՝ ես ինձ երիտասարդ էի զգում ու որոշեցի ուսումս շարունակել՝ հանուն նրա, որ միշտ մնամ երիտասարդ:
– 1978թ. ավարտել եք Մանկավարժական համալսարանը և մոտ 50 տարի անց հայտնվել եք ուսանողական նստարանի առջև: Ինչպիսի՞ զգացողություններ կային:
– Այո, հոգեբանության ֆակուլտետում եմ սովորել, ավարտել եմ 1978թ.: Այդ ընթացքում իմ մտադրությունից չեմ հեռացել: Տարբերություններն այն ժամանակ և հիմա՝ ակնհայտ են, նույնիսկ համեմատելի չեն: Ճիշտ է, հոգեբանական գործընթացները մնում են նույնը, մարդն ունի նույն մտածողությունը, հիշողությունը, բայց հիմա ավելի ճիշտ ձևով եմ ընկալում, մեկնաբանում: 1970-ականներին հոգեբանական ուսումնասիրություններ պրակտիկայում դեռ չկային:
Ընդունվելով ԳԱԱ, շատ զարմացա. Մարդն ինչքան քիչ բան գիտի իր մասին: Ուզում եմ շատ լինել մարդկանց շրջապատում, տալ այն գիտելիքները, որ ստացել եմ: Ուզում եմ այնպես անել, որ այս սթրեսային, դեպրեսիվ իրավիճակում մարդիկ չզգան իրենց անլիարժեքությունը:
Տարիներ առաջ ես դասի էի գնում իմ հասակակիցների հետ, ունեինք նույն հայացքները, մտածելակերպը: Բայց 48 տարվա ընթացքում փոխվեց սերունդների գաղափարախոսությունը, մտածելակերպը: Երբ որոշեցի ընդունվել ԳԱԱ, մտածում էի՝ կինտեգրվե՞մ, քանի որ ուսանողներն իմ թոռնիկների տարիքի են, նույնիսկ ավելի փոքր: Զարմանալի էր, բայց ինտեգրվեցի: Շատ լավ ընկերական հարաբերություններ ենք ստեղծել: Ես 68 տարեկան եմ, կուրսընկերուհիներս՝ 22: Ու այդ տարբերությունը հաղթահարված է: Միջոցառումների ժամանակ առաջին շարքում ես եմ, որովհետև շատ երիտասարդ եմ ինձ զգում:
– Ձեզ դուր գալի՞ս է հիմիկվա ուսանողական կյանքը:
– Այն ժամանակվա ուսանողները մի քիչ պարփակված էին, ազատությունը սահմանափակ էին օգտագործում, բայց ինձ դուր է գալիս այս ժամանակվա երիտասարդների ուսանողական կյանքը: Ես իրենց հետ երիտասարդացել եմ:
– Դուք այս տարիքում կարողանում եք կրթություն ստանալ, բայց շատ երիտասարդ աղջիկներ զրկված են դրանից. Կապ ունի և՛ գումարը, և՛ մտածելակերպը: Շատ աղջիկների ծնողներ ասում են՝ թող ամուսնանա, այնտեղ եթե որոշեն կրթության տալ, թող տան: Սա ճի՞շտ եք համարում, և աղջկա համար որքա՞ն կարևոր է կրթությունը:
– Կրթությունը կնոջ համար շատ կարևոր է, իսկ այն ծնողները, որոնց համար կարևոր է ընտանիք կազմելը, ոչ թե կրթություն ստանալը, կարծում եմ՝ սխալ է: Աղջիկը, ով չի ստացել համապատասխան կրթություն, իմ կարծիքով, լիարժեք մայր չի կարող դառնալ, դաստիարակել երեխաներին: Ցանկալի է, որ աղջիկն ունենա ինտելեկտուալ զարգացում, ինչը կարևոր է նաև օջախը վառ պահելու համար:
– Յուրաքանչյուր կնոջ համար կարևոր է լավ ամուսին, ընտանիք ունենալը: Ինչպե՞ս եք ստեղծել ներդաշնակ ընտանիք:
– Ամեն ինչ գալիս է ճիշտ ընտրությունից: Աղջիկները պետք է ճիշտ ընտրեն իրենց երկրորդ կեսին: Ցավում եմ, բայց աղջիկներն այսօր ընտրում են ֆինանսապես ապահովված երիտասարդներին՝ առանց հաշվի առնելու նրանց հոգևոր հարստությունը, դաստիարակությունը: Ես ընտրել եմ դաստիարակված տղամարդու և չսխալվեցի: Այժմ ունեմ շատ լավ ընտանիք: Թոռնիկներիցս երեքը բժշկի մասնագիտությունն է ընտրել, մեկն էլ երևի կընտրի հոգեբանությունը:
– Դուք բավականին ժամանակակից կին եք՝ թե՛ հագուկապի առումով, թե՛ շպարի: Ինչպե՞ս եք հագուստ գտնում, որովհետև Ձեր տարիքի կանանց համար նախատեսված շատ խանութներ չկան:
– Ամեն տարիքին համապատասխան հագնվել եմ: Երիտասարդ տարիներին այլ հագուստ եմ կրել, հիմա ավելի լուրջ և դասական հագուստ եմ կրում: Հագուստներն ընտրում եմ անձամբ, ունեմ սեփական բիզնեսը և դրա շրջանակներում էլ կարողանում եմ ընտրություն կատարել: Իսկ դեմքի խնամքի մասով՝ ասեմ, որ միշտ կինը պետք է լինի խնամված, դա իմ ենթագիտակցության մեջ է: Չեմ սիրել կոսմետիկ միջամտություններ, առայժմ ինձ պահել եմ բնական տեսքով, բայց եթե զգամ, որ չեմ ընդունվում մարդկանց կողմից, գուցե դիմեմ պլաստիկ միջամտության:
– Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:
– Շատ կարդում եմ, սիրում եմ ճանապարհորդել: Ավելի շատ հաճախում եմ թատրոն: Սիրում եմ նստել սրճարանում, հիշել երիտասարդ տարիները:
– Ապագայում ի՞նչ պլաններ ունեք:
– Ուզում եմ ուսումս շարունակել, ինչպես նաև աշխատել որպես հոգեբան, հոգեթերապևտ:
– Աշխատանք գտնելու հարցում մտավախություն չունե՞ք: Հայաստանում չգրված օրենք կա՝ մինչև 30 տարեկան պետք է լինել:
– Հոգեթերապիան այն ոլորտն է, որը տարիք է պահանջում: 30 տարեկանը չունի այն կենսափորձը, որն ունի 60 տարեկանը:
Մանրամասները՝ տեսանյութում