Ես այստեղ կմնամ հավերժ. աֆրիկացի հայախոս ֆուտբոլիստը Տավուշում ֆուտբոլի ակումբ է հիմնադրել
35-ամյա աֆրիկացի ֆուտբոլիստ Յաո Սիլվեն Կուասին, արդեն մի քանի տարի է, ֆուտբոլն է զարգացնում Տավուշի մարզում: Թեղուտում հաստատված ֆուտբոլիստն այստեղ հիմնադրել է «Տավուշ» ակումբը:
«Մինչև Հայաստան գալը՝ Հայաստանի մասին մի քիչ լսել էի, բայց եկա ու որոշեցի մնալ: Ես այստեղ կմնամ հավերժ. ես հոգով հայ եմ: Ուզում եմ այստեղ զարգանա ֆուտբոլը»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց ֆուտբոլիստը:
Ի դեպ, նա մեզ հետ զրուցում էր անգլերեն և հայերեն լեզվով միաժամանակ:
Ծնունդով կոտդ’իվուարցի Յաո Սիլվեն Կուասին 8 տարեկանից է զբաղվել ֆուտբոլով, խաղացել Էստոնիայում, Իրանում և Հայաստանում, իր փոքրիկ մարզիկներին նա խորհուրդ է տալիս քրտնաջան աշխատել ու հավատալ հաղթանակին:
«Պետք է աշխատել, պայքարել ապագայի համար. եթե ուզում է ֆուտբոլիստ դառնալ, ապա իր ձեռքում է այդ բանալին, ինքն է իր կյանքի տերը: Այսօր ծնողներն են կողքին, օգնում են, բայց վաղն ինքը միայնակ է պայքարելու, պետք է պատրաստվի»:
Նա Հայաստանի ու հայերի մասին պատմում է Աֆրիկայում մնացած իր միակ քրոջը, ասում է՝ հայերը հյուրասեր ու ընկերասեր են:
«Սեփական տանն եմ ապրում: Հարևաններս շատ լավն են. ոնց որ ընտանիք լինի: Տավուշը շատ սիրեցի, որովհետև այստեղ անտառներ են, ու օդն էլ մաքուր է»,- պատմեց Յաո Սիլվեն Կուասին: