Այսօր կանայք ոչ միայն ընտանիքում են, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում. ՆԳ նախարարը շնորհավորել է կանանց
Ներքին գործերի նախարարության բոլոր ոլորտներում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, Ոստիկանությունում ու Փրկարար ծառայությունում աշխատող կանանց ներուժով է նաև պայմանավորված աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացումը:
Այս մասին ընդգծել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով կապակցությամբ իր ուղերձում:
«Սիրելի՛ կանայք, ի սրտե շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Ձեր հատուկ նվիրումն ու ջերմությունն է երկարամյա պատմության ընթացքում պահպանել մեր ընտանիքների ամրությունն ու երկրին տվել հայրենասեր ժառանգներ, պահպանել ազգային ավանդույթներն ու ամրապնդել մեր լինելիությունը:
Այսօր կանայք ոչ միայն ընտանիքում են, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, և լուրջ առաջընթաց ունենք կանանց իրավունքների պաշտպանության, հզորացման, տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության գործում»,-ասել է Ղազարյանը:
Նա ընդգծել է, որ փորձը ցույց է տվել, որ կանայք արագ ու հիմնավոր են յուրացնում տեսական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, աչքի են ընկնում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, քաղաքացուն բարձր մակարդակով ծառայություններ մատուցելու, ներկայացվող պահանջները լիարժեք իրականացնելու ունակությամբ:
«Այսօր արդեն ոչ միայն Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, այլև Ոստիկանությունում ու Փրկարար ծառայությունում աշխատում են բազմաթիվ կանայք, որոնց ներուժով է նաև պայմանավորված աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացումը: Եվ կանանց ներգրավվածության բարձրացումն էլ սոսկ ձևական չէ կամ կարծրատիպեր կոտրելու խնդիր չի լուծում: Նպատակը հենց աշխատանքի որակի և արդյունավետության է՛լ ավելի բարձրացումն է, ուստի այս ուղղությամբ շարունակելու ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի ապահովվի կանանց ներգրավվածության նպատակային աճը:
Սիրելի՛ կանայք, կրկին շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի առթիվ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ մաղթում աշխատանքում: Երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին»,-եզրափակել է նախարարը: