Բաժիններ՝

Կրճատել սննդային թափոնը. 15-ամյա Նարեի մասնակցությամբ նախագիծն արժանացել է միջազգային մրցանակի

Հետաքրքրված լինելով շրջապատի, բնության և էկոլոգիայի պահպանման խնդիրներով` Այբ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Նարե Մհերյանը որոշեց մասնակցել New York junior academy-ի Կանաչ տներ, Կանաչ դպրոցներ, Կանաչ համայնքներ նախագծին, որի արդյունքում իրենց թիմը պատրաստել է ծրագիր` ուղղված սննդային թափոնի ծավալի նվազեցմանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նարեն նշեց՝ ծրագրի շրջանակում կատարված բազմաթիվ հարցումները ցույց են տվել, որ մարդկանց մեծ մասը բավարար չափով իրազեկված չէ, և շատերը չեն պատկերացնում, թե ինչպիսի ազդեցություն ունի սննդային թափոնը մեր շրջապատի, մոլորակի վրա և ինչպես կարելի է այն կրճատել:

Նախագծի շրջանակում ձևավորված աշխատանքային թիմում ընդգրկված միակ հայ աշակերտը՝ Նարեն, կարևորում է շրջակա միջավայրի պահպանության գործում երիտասարդների ակտիվությունը։

«Շրջակա միջավայրի պահպանության գործում շատ դեպքերում մարդկանցից մեծ ջանք չի պահանջվում, և առօրյայում վարքագծի որոշակի փոփոխությունը կարող է գործնականում մեծ արդյունքի հանգեցնել։ Օրինակ՝ կարելի է առօրյայում առաջացած սննդային թափոնները խառնել հողի հետ և ստանալ պարարտանյութ, որը կարելի է օգտագործել բույսերի և միրգ, բանջարեղեն աճեցնելու համար»,-ասաց Նարեն:

Ըստ նրա՝ նախագիծը ստեղծվել է մարդկանց իրազեկելու, ինչպես նաև սովորեցնելու սեփական սննդային թափոնները կիրառելու և բնությանը օգտակար լինելու մեխանիզմները: Ծրագրին մասնակցել է 258 թիմ: Իսկ այն նախագիծը, որը Նարեն և իր թիմը ներկայացրել են, ևս 10 նախագծի հետ արժանացել է Team of distinction մրցանակի։

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս