
Մանասյանը և Մադոյանը հաղթանակ են տոնել օլիմպիական վարկանիշային մրցաշարի իրենց հերթական մենամարտերում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ևս երկու անդամ հաղթանակ է տոնել օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը մեկնարկում մրցեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Դանիել Գուզմանի հետ և առավելության հասավ:
Գուրգեն Մադոյանը իր երկրորդ հաղթանակը տոնեց օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Հայ մարզիկն այս անգամ մրցեց իսպանացի Սերխիո Մարտինեսի հետ և հաղթեց 4:1 հաշվով:
Ավելի վաղ կայացած մենամարտերում աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը հենց մեկնարկում պարտություն էր կրել Կանադան ներկայացնող Ալեքսիս Բարիերից, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը 5:0 հաշվով հաղթել էր Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիին:
Առավել վաղ ռինգ էին դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության էր հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ էր Կանադան ներկայացնող Կևեն Բեասեջոուրից: