Պապիկյանը՝ Իրան, Հասանովը՝ Թուրքիա. Ինչու են Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները զուգահեռաբար մեկնել Իրան ու Թուրքիա

Աշխարհաքաղաքական և ռեգիոնալ ինտենսիվ զարգացումների ու փոփոխությունների հարապատկերին, երբ ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում լուրջ խնդիրների ֆոնին էապես ավելանում է ռազմական էսկալացիայի հավանականությունը Հարավային Կովկասում, ՀՀ Պաշտպանության նախարարը մեկնել է Իրան, իսկ Ադրբեջանի Պաշտպանության նախարարը՝ Թուրքիա։

ՀՀ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, մարտի 6-ին Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրան։ Նախարարությունն այլ մանրամասներ չի հաղորդել այս այցից։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունն էլ պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Հասանովը հանդիպումներ կունենա Անկարայում, կայցելի Թուրքիայի մի շարք ռազմական օբյեկտներ և ձեռնարկություններ։ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Ղուրբանովն էլ օրերս Դոհայում հանդիպել էր Թուրքիայի ռազմարդյունաբերության գործակալության ղեկավար Հալուք Գյորգյունի հետ, քննարկել թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, «մտքեր փոխանակել համատեղ արտադրության և նոր նախագծերի շուրջ»։ Անցած շաբաթ Գյորգյունի հետ Անթալիայում նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հանդիպել։

Ուշագրավ է, որ Սուրեն Պապիկյանի այցն Իրան հաջորդում է Ֆրանսիայի Պաշտպանության նախարար Լըկորնյուի ՀՀ կատարած այցին։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել՝ նշելով, որ Հայաստանին սարքեր տրամադրելով՝ Ֆրանսիան ազդեցության ոլորտների տեսանկյունից չի մտածում, այլ մտածում է յուրաքանչյուր պետության՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի տեսանկյունից:

«Եվ դա իրականում ոչ միայն Ֆրանսիայի համար է մտահոգիչ: Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով: Մենք Իրանի հետ անհամաձայնություն ունենք շատ հարցերում, բայց սա այն հարցն է, որ համաձայն ենք: Եվ իրականում ՄԱԿ բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնեն այս հարցում, որովհետև ՄԱԿ-ի կանոնադրության ներքո` ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները ճանաչում են և պետք է աջակցեն անդամ մյուս երկրների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Դա ընդհանուր պարտավորություն է»,- ասել է դեսպան Դըկոտինյին՝ հավելելով նաև, որ Բաքուն կարող է վստահ լինել՝ Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ են տրամադրում։

Իսկ դեռևս փետրվարին տված ասուլիսում արդեն Իրանի դեսպանը ՀՀ-ում Մեհդի Սոբհանին նշել էր, թե Իրանը Հայաստանի հզորացման կողմնակիցն է:

«Ուժերի հարաբերակցությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։ Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել Հայաստանին, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ընդգծել էր դեսպանը:

Պատասխանելով հարցին, թե Իրանը ցանկանում է Հայաստանի Սյունիքի մարզում ռազմական ներկայության հասնել այդ տարանցիկ դերի դիմաց, նա նշել է, որ նախընտրում է չարձագանքել այդ բամբասանքներին։ «Ինչո՞ւ են ձեզ սպառնում։ Եթե դուք լինեք ուժեղ, կկարողանա՞ն ձեզ սպառնալ։ Ես կարծում եմ, որ խաղաղության չհասնելու գաղտնիքն ուժի հավասարության գոյություն չունենալն է։ Եթե դուք ուժեղ լինեք, ոչ ոք չի համարձակվի ձեզ սպառնալ»,- հայտարարել էր դեսպանը։

Ըստ նրա՝ հենց այդ առումով էլ Իրանը ՀՀ-ի հետ հարաբերությունները համարում է ռազմավարական, և այս շրջանակում կա փոխադարձ ընկալում. Իրանը գտնում է, որ դա բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից։ Անցած տարվա դեկտեմբերի վերջին Հայաստանում էր ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

Նա Երևան էր եկել Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտոնակիցների հետ հայ-ադրբեջանական կարգավորումը քննարկելուց հետո։

«Իրանն ուզում է, որ Հայաստանի խաղաղությունն ու կայունությունն ապահովված լինի առանց արտաքին ուժերի միջամտության ու տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ՝ Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջոցով հաստատվի հայ-ադրբեջանական խաղաղությունը»,- Երևանում հայտարարել էր Իրանի արտգործնախարարը։

Աբդոլահիանը վերահաստատել էր՝ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Մարտի 5-ին էլ Սաուդյան Արաբիայի Ջադդա քաղաքում հանդիպել էին Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Հանդիպումից հետո իրանական կողմը հայտարարեց՝ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել։

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ եթե նույնիսկ չխոսենք հակամարտող երկրների պաշտպանության նախարարների Թուրքիա և Իրան կատարած այցերի մասին, ակնհայտ է, որ Հարավային Կովկասում լարվածություն է կուտակվում լուծումների բացակայության պատճառով։ Իսկ բանակցային լարվածությունը, նրա խոսքով, սովորաբար դառնում է ռազմական էսկալացիայի պատճառ։ Այդ վտանգը, ըստ վերլուծաբանի, կա նաև ներկայումս, քանի որ աշխարհաքաղաքական զարգացումներն ուղիղ անդրադառնում են ռեգիոնում տիրող իրավիճակի վրա, քանի որ Արևմուտքն իր ողջ ռեսուրսն ուղղել է այստեղից ՌԴ-ին դուրս բերելու նպատակին։

«Այս մթնոլորտը ճնշում է ամեն դեպքում մտածել ռազմական ոլորտի զարգացման մասին։ Ուստի Հայաստանը, որն ուշացած Արևմուտքից ինչ-որ սպառազինություն է փորձում ձեռք բերել, երևի թե որոշ տարբերակներ կբանակցի նաև Իրանի հետ, կարծում եմ՝ նման օրակարգ արդեն կա, սակայն չի բարձրաձայնվում։ Իհարկե, սա նաև Իրանի տևական ջանքերի ու առաջարկների հետևանքն է, կարծում եմ՝ Երևանը հապաղում էր Իրան-Արևմուտք հարաբերությունների պատճառով և միայն այնտեղից ինչ-որ հավանություն ստանալուց հետո է այս ուղղությամբ ինչ-որ քայլեր նախաձեռնում, և կարծում եմ՝ Ֆրանսիայից դիրքորոշումը, թե Իրանի հետ Հայաստանի հարցում համակարծիք են, առանցքային է հայ-իրանական ներկայիս կոնտակտներում»,- նշեց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Հասանովի Թուրքիա կատարած այցին, ապա փորձագետը կարծում է, որ շատ վաղուց թուրք-ադրբեջանական ռազմական ոլորտում համագործակցությունը նորություն չէ։ «Ադրբեջանի նախագահը վերընտրվելուց հետո, կարծում եմ՝ հստակ ուղերձ հղեց, որ շարունակելու է խորացնել համագործակցությունը, համատեղ ռազմարդյունաբերական ծրագրեր են իրականացվում, և դրանք նոր թափով սկսվել են վերջին շրջանում։ Ուստի բնական է, որ թե ռեգիոնալ իրավիճակն է լարված, թե աշխարհաքաղաքական ու նախարարական այցերը համընկնում են»,- ասաց նա։

Խրամչիխինի խոսքով, ներկայումս ՀՀ անվտանգության տեսանկյունից Իրանը ՀՀ-ի համար առանցքային երկիր է, որը կարողացել է իր դիրքորոշմամբ կայունացնել իրավիճակը ռեգիոնում։ «Կարծում եմ՝ համագործակցությունը կարող է ընդլայնվել քաղաքականից նաև անվտանգային և ռազմական ոլորտ»,- ասաց նա։

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրույցում ասաց, որ տևական ժամանակ է՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ-ին առաջարկում է թե քաղաքական, թե միջնորդական, թե անվտանգային աջակցություն։ Նրա կարծիքով, դա ավելի ակնառու դարձավ, երբ Կապանում բացեց ԻԻՀ հյուպատոսություն՝ արձանագրելով, որ ՀՀ անվտանգությունն Իրանի անվտանգությունն է։

«Ավելորդ է ասել, որ այդ ձևակերպումն իր մեջ ներառում է հնարավոր բոլոր տեսակի քայլերը, որոնք կարող են նպաստել ՀՀ անվտանգության, ինքնիշխանության ամրապնդմանը։ Կարծում եմ՝ այդ տեսանկյունից էական էր ԻԻՀ ԱԳ նախարարի տարեվերջյան այցը ՀՀ, որի ժամանակ Իրանն առաջարկում էր ՀՀ-ին դառնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության երաշխավորը։ Հայաստանը կարծես այս առաջարկով ներկայումս այնքան էլ հետաքրքրված չէ, քանի որ բանակցություններն Արևմուտքում են շարունակվում, թեև արդյունքներ չկան, ու չի բացառվում, որ Իրանի այս առաջարկն ինչ-որ պահի կրկին ակտուալ դառնա։ Այնուամենայնիվ, Պաշտպանության նախարարի այցն անվտանգության ոլորտում համագործակցության մասին է, որը շատ հարցեր ու խնդիրներ է ներառում, կարծում եմ՝ համագործակցության չափազանց լայն դաշտ կա։ Պետք է հուսալ, որ Արևմուտքի հետ ՀՀ հարաբերություններն Իրանի հետ Հայաստանի հնարավոր ներուժն այդ ոլորտում չեն սահմանափակի»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս