«Լավրովն ինչպե՞ս կարող է հայ ժողովրդի դիրքորոշումը հարցնել Փաշինյանից». Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասում է՝ չի բացարձակացնում ընդդիմության գործունեությունը, քանի որ մինչև օրս չի հաջողել օրվա իշխանության հեռացման գործում։

«Չհաջողելու պատճառների մեջ ոչ միայն մեր սխալներն են, նաև հանրային ընկալումները։ Այսօր իշխանությունն օգտագործելով իր ռեսուրսները՝ նյութական, կազմակերպական ու տարաբնույթ, այդ թվում՝ գործակալական ցանցերը, ազդում է հանրային գիտակցության վրա։ Մեզ դեռևս չի հաջողվել հանրային գիտակցության մեջ, ի վերջո, այնքան գիտակցություն ներշնչել, որ կարողանանք այս իշխանություններից ձերբազատվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Արծվիկ Մինասյանը։

Ինչ վերաբերում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության թեկնածության վերաբերյալ լուրերին և այդ համատեքստում հայ-ռուսական հարաբերություններում առկա խոչընդոտներին, Արծվիկ Մինասյանն ասաց՝ սա ուղղակի խայտառակություն է։

«Այն, ինչն իրենք անում են՝ ուղղակի խայտառակություն է, Հայաստանի անվտանգությունը ևս մեկ անգամ տեղափոխում են այնպիսի աննորմալության դաշտ, որ ցանկացած պահի բոլոր կողմերից Հայաստանը հարվածներ է ստանալու։ Սրանով այս մարդիկ ցույց են տալիս, որ ոչ միայն բացարձակ կապ չունեն պետական կառավարման, այլև հայ ժողովրդի անվտանգության նվազագույն երաշխիքներ ստեղծելու հետ»,- հավելեց պատգամավորը։

Կարդացեք նաև

Արծվիկ Մինասյանը չմեկնաբանեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ հայկական կողմից պահանջել է հայտնել հստակ դիրքորոշում։

«Նա այնպիսի սխալ հայտարարությունների հեղինակ է, այդ թվում՝ Արցախի հետ կապված՝ կիրառելով նույն Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ առաջ ընկնելով կամ այդ խոսքերը կրկնելով, որ ես չեմ էլ ուզում անդրադառնալ իր արտահայտություններին։ Բայց պարզից էլ պարզ է, որ Հայաստանն ունի միջազգային պարտավորություններ, որոնք ամրագրված են թե՛ ՀԱՊԿ-ի ստեղծման միջազգային փաստաթղթի մեջ, թե՛ ՀՀ միջազգային պայմանագրերում։

Լավրովն իրավունք չունի ուլտիմատում դնելու, հակառակը՝ պետք է գիտակցի, հասկանա, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները պայմանավորված չեն ոչ մի անձի հետ, անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանն իր խմբակով է  իշխանության, թե իշխանության չէ։ Լավրովն ինչպե՞ս կարող է հայ ժողովրդի դիրքորոշումը հարցնել Նիկոլ Փաշինյանից»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։

Տեսանյութեր

Լրահոս