Տարակուսելի է՝ ադրբեջանցուն հենց այնպես հանձնել Բաքվին, երբ այնտեղ պահվում են բազմաթիվ հայ գերիներ. Արգամ Հովսեփյան

Երեկ ադրբեջանական կողմին հանձնվեց ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինվորականը։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին։

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը հայտնաբերվել էր փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում։

Այս ամենին զուգահեռ՝ դեռևս Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում կան գերեվարված անձինք, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Ադրբեջան, նրանք այսօր այնտեղ գտնվում են պատանդի կարգավիճակում։ Նրանց հետ՝ նաև այլ քաղաքացիներ։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն ասաց, որ սխալ որոշում էր՝ ադրբեջանցի դիվերսանտին հանձնել Բաքվին ու փոխարենը գոնե մեկ հայ գերի չպահանջել ազատ արձակել։

«Ցավ եմ ապրում, որ այդ դիվերսանտ ասեմ, թե ինչ ասեմ, հենց այնպես հանձնեցին Ադրբեջանին։ Եթե հետ են տվել, գոնե մի հոգի պահանջեին վերադարձնել հայկական կողմին, գոնե մեկ ընտանիք երջանիկ կլիներ։

Ես իսկապես այս պարագայում չեմ հասկանում «բարի կամք» դրսևորել, ադրբեջանցու հանձնել Բաքվին, այն դեպքում, երբ նրանք Բաքվի բանտերում նման վերաբերմունքի չեն արժանացնում հայ պատանդներին։ Այս իշխանությունների տրամաբանությունը չեմ հասկանում»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Ըստ մեր զրուցակցի, եթե ադրբեջանցուն մեկ հայ գերու հետ փոխանակեին, որևէ բան չէր կարող ասել, բայց երբ Ադրբեջանի բանտերում գտնվող հայերը շարունակում են մնալ այնտեղ, իսկ ադրբեջանցուն հենց այնպես հանձնում են Բաքվին՝ տարակուսելի է և մտածելու տեղիք է տալիս։

Տեսանյութեր

Լրահոս