«Շանտղություն է այս անկյունաքարերին մոտենալ կեղտոտ թաթիկներով». Արամ Մանուկյան
«Անկախության հռչակագիրը մեր ժողովրդի հավաքական արժանապատվության փաստաթուղթն է։ Եթե որևէ մեկը խնդիր է դրել այս փաստաթղթի հետ փոփոխություններ կատարել կամ հանել՝ նշանակում է կպնել մեր ազգային արժանապատվությանը»,- ասաց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր ՀՀ անկախության հռչակագիրը պահպանելուն նվիրված քննարկման ժամանակ։
Արամ Մանուկյանի բնորոշմամբ՝ հռչակագիրը նաև հայ ժողովրդի ամբարած հավաքական երազն է։ Փաստաթուղթը և՛ պատմական առումով է հուշարձան, և՛ իրավաբանական։
«Գերագույն խորհուրդը 5 տարվա ընթացքում ընդունել է 1169 օրենք և որոշում։ Հռչակագիրը միակն է, որ ո՛չ որոշում է, ո՛չ օրենք։ Ունիկալ է այնքանով, որ Հռչակագրի կետերը չկատարելու համար պատասխանատվություն չկա, ինչպես մնացած բոլոր օրենքների համար է։ Իրավաբանական նման տերմին չկա, բայց այն ծննդական, կոնդակ է՝ երկիր ստեղծելու մասին։ Այդ ունիկալությունն է նրա մեխը և անփոփոխելի լինելը, այն սովորական իրավական ակտ չէ։ Դու չես կարող հերքել երկրի ծնունդը, չես կարող այն բեկանել օրենսդրական ակտերով կամ որոշումներով՝ երկրի կայացումը։ Կարող ես հետագայում ցանկացած բան ընդունել, բայց որը չի կարող մերժել ծնունդը՝ դա Անկախության հռչակագիրն է»,- շեշտեց Արամ Մանուկյանը։
Նա հիշեցրեց՝ Անկախության հռչակագիրն ունիկալ է այնքանով, որ ընդունվել է Սովետական Միության գոյության պայմաններում, այն ընդունելուց 1,5 տարի հետո դեռ Սովետական Միությունը կար։
«Այն պատմական երեք խնդիր լուծեց՝ ծնունդը հրապարակեց, ապահարզանն էր Սովետական Միության հետ, որտեղ բոլոր խնդիրները՝ տնտեսական, ռազմական, քաղաքական, բոլոր խնդիրների առումով բաժանումը գծեց, որ մենք բաժանվում ենք այդ մեծ իմպերիայից։ Վերջինը՝ պլանավորեց Հայաստանի զարգացման հեռանկարը։ Անկախության հռչակագիրն ընդունվել է գերկոնսենսուսային պայմաններում, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի քաղաքական կերպար չի քննադատել այս փաստաթուղթը։ Այն ընդունելու գաղափարախոսությունը հենց սրա մեջ էր»,- ընդգծեց Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ այն ժամանակվա իշխանությունները գնացին դժվարին ճանապարհով՝ բոլորի կարծիքները հաշվի առնելով, բոլորի դիտողություններն ու առաջարկները քննարկելով։
«Շանտղություն է բոլոր այն մարդկանց արածը, ովքեր փորձում են այս սրբություններին, սիմվոլներին, այս պետական հիմքերին մոտենալ իրենց կեղտոտ թաթիկներով»,- եզրափակեց Արամ Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում